Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական Եվրոպայում Հայրապետական պատվիրակությունից այս առիթով ժամանած քահանաներ։ Ժողովին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի 50 միաբաններ և 205 քահանաներ:
Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, եկեղեցականները Մայր Տաճարում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:
Ժողովի սկզբում բացման խոսք ասաց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, գոհունակությամբ արձանագրելով, որ քահանայից ժողովը գումարվում է մայիսյան տոների շրջանում, մաղթեց, որ Հայոց Եկեղեցու քահանայից դասը, զորացած այդ հաղթական ոգով և լցված Սուրբ Հոգու շնորհներով, նորանոր հաջողություներով պսակի իր հոգևոր նվիրական առաքելությունը։
Այնուհետև «Ծխական քահանայի իրավունքներն ու պարտականությունները» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը (Արմավիրի թեմ): Զեկույցին հաջորդած քննարկման ընթացքում ժողովի մասնակիցներն անդրադարձ կատարեցին հովվական կյանքում ծխատեր քահանաների պարտականություններին և իրավունքներին։ Մասնավորապես խոսվեց հովվություններում համայնք-եկեղեցի կապի ամրապնդման, ինչպես նաև ծիսական արարողությունների կազմակերպման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին։ Ընդգծվեց նաև խորհրդակատարություններից առաջ արարողությունների մասնակիցների հետ նախապատրաստական և ուսուցողական աշխատանքների իրականացման կարևորությունը:
Երկրորդ զեկույցը («Քահանան և հասարակական կազմակերպությունները») ներկայացրեց Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Արագածոտնի թեմ): Ծխական քահանաների հովվական ծառայության շրջագծից ներս արծարծվեց նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հարցը՝ ի նպաստ տվյալ համայնքի զորացման և զարգացման։ Ժողովի մասնակից քահանա հայրերը ներկայացրեցին տարբեր հասարակական կազմակերպությունների հետ գործակցության վերաբերյալ իրենց ունեցած փորձառությունը։ Քննարկվեցին նաև հովվություններից ներս իրականացվող զանազան կրթական, սոցիալական ծրագրերում ՀԿ անդամների ներգրավման հնարավորությունները։
Քահանայից գործադիր մարմնի և Քահանայից ընդհանուր ժողովի արդյունավետության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ գործադիր մարմնի անդամ Արաժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Տեր Հայրը քահանայից դասին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ստեղծված գործադիր մարմնի կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և արձանագրված արդյունքները։ Այս առնչությամբ ժողովականները մասնավորապես քննարկեցին քահանայից դասի կողմից գործադիր մարմնի ուշադրությանը հանձնվող բազմաբնույթ նյութերի և խնդիրների ուսումնասիրության և արծարծման ընթացակարգը:
Ժողովը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միքայել Սրբազանին և կազմակերպիչ հանձնախմբին՝ ուրախությամբ արձանագրելով, որ ժողովին տարեցտարի քահանաների թիվը աճում է և Սփյուռքի հայոց թեմերի հոգևոր սպասավորները ևս մասնակից են դառնում այս հավաքներին։
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ներկայացված զեկույցների և քահանաների ծառայության հետ առնչված բարձրացված խնդիրների, արտահայտված մտահոգությունների առիթով։
Խոսելով հոգևորականի պարտականությունների և իրավունքների մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ եկեղեցականների պարտականություններից են ծնվում իրավունքները, իսկ պարտականությունների ընկալումը սերտորեն կապված է քահանայական կոչման գիտակցության հետ։ «․․․Երբ կոչման գիտակցությունը, ծառայության պատասխանատվությունն առկա է հոգևորականի մոտ, որոնք խարսխված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձի և Նրա կերպարի վրա, նա կերպարանավորում է իր անձի ու ծառայական գործերի մեջ մեր Տիրոջը։ Եվ այս իմաստով մեր պարտականությունների և իրավունքների շրջագիծը հստակ պատկերվում է մեզ, երբ մենք ուսումնասիրում ենք մեր Տիրոջ կյանքը և տեսնում, թե Նա ինչպե´ս գործեց և ինչպիսի´ ծառայություն մատուցեց…», – ասաց Վեհափառ Հայրապետը։
Նորին Սրբությունը հորդորեց քահանաներին նույն ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ, նույն սիրով և պատասխանատվության բարձր զգացումով քաջաբար շարունակել իրենց ծառայությունը՝ ընդգծելով, որ եկեղեցականությունը հիմնական դերակատարություն ունի մեր ժողովրդի բարոյական, հոգևոր արժեքային համակարգի ձևավորման առաքելության մեջ։
Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ