Այսօր Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն անդրադառնալով օրերս ԼԳԲՏ թեմայով գովազդային վահանակի ապամոնտաժմանն, ասել էր, որ գովազդ տեղադրելու համար քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել, թույլտվության համար էլ համապատասխան ընկերությունը չէր դիմել: Այն մեղադրանքները, թե քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է դրսեւորել՝ Բաղդասարյանը բացառեց:
Բացի այս, քաղաքապետարանի պաշտոնյան նաեւ իր անձնական կարծիքն է հայտնել ԼԳԲՏ թեմայով գովազդների մասին. «Չեմ ուզում, որ իմ միջոցով ցանկացած նոր խոսակցություն լինի այս թեմայի շուրջ, որովհետեւ կարծում եմ, լինելով գովազդի մասնագետ, մեր այսպիսի քննարկումները ավելի շատ են գովազդում այն, ինչ որ գաղտնի է, կամ` եթե 3 տեղ քաղաքում փակցված լիներ: Դրա համար, ներողություն եմ խնդրում, այս թեմային այլեւս չեմ անդրադառնալու»:
Այս առնչությամբ ԼԳԲՏ թեմայով գովազդային վահանակի պատվիրատու ընկերության՝ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք » (Փինք Արմենիա) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ գովազդային վահանակի վրա որեւէ ապօրինի գրառում չի եղել, այն սոցիալական գովազդին համապատասխան էր. «Որի համար մենք դիմելու ենք, որպեսզի այն ճանաչվի սոցիալական գովազդ»:
Ըստ Իշխանյանի, քաղաքապետարանը կարող էր միջամտել այն դեպքում, եթե այնտեղ ապօրինի գրառում հայտնաբերեր. «Ֆորմալ, ձեւական առումով պետք է թույլտվություն խնդրեր ընկերությունը: Այսինքն՝ եթե պրակտիկայում կիրառվել է, որ ընկերությունը չի հարցրել ու գովազդները մնացել են, ուրեմն՝ խախտում չի եղել, եթե խախտում չի եղել, ինչո՞ւ հանել: Ձեւական պետք է թույլտվություն տան, բայց նրա համար, որպեսզի ապօրինությունը կանխարգելեն, հիմա եթե գովազդի վրա չկա ապօրինություն, ինչո՞ւ են հանում»:
Մեր այն հարցին՝ ի վերջո, ընկերությունը դիմե՞լ է թույլտվություն ստանալու համար, եւ որ ընկերությունն է, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Գովազդային ընկերությունը չի դիմել, դա իր պարտականությունն էր: Հիմա դիմելու է, պատրաստվում ենք վերականգնել այդ գովազդային վահանակը, հիմա եթե դիմի, տեսնենք՝ ինչ կլինի, եթե, իրոք, խախտում կա, իրենք պետք է բացատրեն՝ ինչ խախտում է»:
Իսկ, թե որ գովազդային ընկերությունն է, Իշխանյանն ասաց, որ առայժմ չեն ցանկանում բացահայտել, բայց այդ ընկերությունը ոլորտում նոր ընկերություն չէ. «Այո, ընկերությունը չի ճշտել, բայց մենք գիտենք, որ պրակտիկա է եղել՝ թույլտվություն չեն վերցրել ու թողել են փակցրել է»:
Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին, Իշխանյանն ասաց. «Որն է խնդիրը, երեկ «Ավրորայով» գովազդում էին մարդասիրությունն ու բարությունը: Մենք էլ նույնն ենք անում, քաղաքապետն էլ փառաբանել է մարդասիրությունը, մեր գովազդն էլ նույն միտումն ունի: Այսինքն՝ եթե լիներ սոցիալական գովազդ երեխայի բռնության դեմ, պիտի ասեին՝ չգովազդել: Մեր կողքին կան այդպիսի մարդիկ, ու նրանք մեր հասարակության անդամն են: Եթե նա իր անձնական դիրքորոշումն այդպես է արտահայտում, ուրեմն՝ կա խտրականություն, եւ ուրեմն կա այս գովազդի կարիքը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից