2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ցուցարարին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով, իսկ Վ. Պետրոսյանը հակընդդեմ հայցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը և Վ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Ս. Մելիքյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը: Նշեց, որ ներկայացված հայցով պահանջում են Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել 2016 թ. մարտի 24-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում իրականացված հավաքի ժամանակ հավաքի բնականոն ընթացքը խախտելու և ներկայացված պահանջը չկատարելու համար:
Վ. Պետրոսյանի ներկայացուցիչն առարկեց ներկայացված հայցի դեմ և պահանջեց ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը: Ս. Մելիքյանը նշեց, որ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ մեկ արձանագրությունը, որն էլ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերի հետ ներկայացվել է դատարան:
Տ. Սիրադեղյանը գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է միայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված իրավախախտմանը, իսկ դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկել միայն համապատասխան արձանագրության առկայության դեպքում:
Մանրամասն` այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ