Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով էր բերել «պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը:
Այս փոփոխություններով, կառավարությունն առաջարկում է քսան եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորների, դատախազների ու քննիչների՝ երկարամյա կենսաթոշակի անցնելու ժամկետը երկարաձգել: Այսինքն, վերջիններս մինչեւ 2017 թվականի հուլիսի մեկի փոխարեն հնարավորություն ունենան երկարամյա կենսաթոշակի անցնելու համար դիմել նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո:
«Կանգնել ենք խնդրի առաջ՝ քսանից ավելի բազմամյա փորձ ունեցող լավ դատախազներ, որոնց 65 տարին չի լրացել ու ուզում են շարունակել աշխատանքը ստիպված պետք է դիմում գրեն, ազատվեն աշխատանքից, որ հետագայում չզրկվեն բարձր թոշակից»,- ասաց փոխնախարարը:
Եթե 65 տարին չլրացած դատախազները հուլիսի մեկից հետո դիմեն կենսաթոշակի գնալու համար, ապա առանց այս օրենսդրական փոփոխությունների, նրանց կենսաթոշակը 200.000 դրամի կարգի կլինի, իսկ եթե մինչեւ հուլիսի մեկը դիմեն նրանց թոշակը կլինի ավելի քան 400.000 դրամ, այդ է պատճառը, որ այս պահին միանգամից քսանից ավելի դատախազ է դիմումը պատրաստել:
Ըստ փոխնախարարի, միանգամից քսանից ավելի դատախազի՝ աշխատանքից հեռանալը պետբյուջեի վրա լրացուցիչ բեռ է առաջացնում, որովհետեւ. «Պետք է վերջնահաշվարկ արվի, հսկայական գումար ծախսվի, բյուջեի վրա բեռ է առաջանում»:
Հանձնաժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց՝ ինչով է բեռ ավելանում, եթե միեւնույնն է, մի օր այդ վերջնահաշվարկը պետք է կատարվի:
«Բեռն ավելանում է նրանով, որ միանգամից քսանից ավելի ծառայողների վերջնահաշվարկ է արվում, վճարվում, եթե ամիսը մեկը գնա, բեռ չի ավելանա, բայց բոլորը գնում են մինչեւ հուլիսի մեկը, բոլորին վերջնահաշվարկ տալու համար խնդիր ենք ունենում»,- պատասխանեց փոխնախարարը:
Հայկ Բաբուխանյանի խոսքով, դիսբալանս է առաջանում, երբ օրինակ ուսուցիչները թոշակ են ստանում 30.000 դրամ, իսկ օրինակ դատախազները՝ 420.000 դրամ. «Չի կարելի, որ մեկը 30.000 դրամ ստանա, մյուսը՝ 420.000 դրամ»:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց՝ այդ հարցին քաղաքական լուծում է տրվել. «Պետությունը գտնում է, որ դատավորներին ու դատախազներին, քննիչներին բարձր աշխատավարձ վճարի, որ իրենց ծառայողական պարտականություններում լինեն բարեխիղճ, հետեւաբար նաեւ նրանց կենսաթոշակներն են բարձր»:
Հանձնաժողովում այսօր քննարկվեց նաեւ այն հարցը, որ օրենսդրական նախագծից հանվի տարբերակումը կենսաթոշակի գնալու իրավունքի առումով վերջնաժամկետի հարցում ՀՔԾ քննիչի ու քննչական կոմիտեի քննիչի դեպքում:
«Տարբերակում չի լինելու, այս օրենքով դատախազն էլ, քննչական կոմիտեի ու ՀՔԾ քննիչն էլ հուլիսի մեկից հետո կարող են դիմել ու երկարամյա թոշակի անցնել»,- խոստացավ փոխնախարարը: Հանձնաժողովն էլ հավանության արժանացրեց այս նախագիծը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ