Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
«Մայրաքաղաքի ամառային կյանքն առավել բովանդակալից դարձնելու հիմնական նպատակ ունեցող «Երևանյան ամառ 2017» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան տարբերանշանով, որն իր մեջ կրում է ուրախ ու հետաքրքիր առօրյայի կազմակերպման ամբողջ գաղափարախոսությունը: «Երևանյան ամառ 2017»-ը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ: Ծրագրի մանրամասներին մեր համաքաղաքացիները կկարողանան ծանոթանալ մի քանի եղանակով: Տեղեկատվական բուկլետներն արդեն այսօրվանից կբաժանվեն բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում: Միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի նաև քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում», – նշել է Արազ Բաղդասարյանը:
«Երևանյան ամառ 2017» ծրագրում ընդգրկված է ավանդական դարձած ու նոր շուրջ 60 միջոցառում՝ փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ: Արդեն ավանդական դարձած և սիրված ծրագրերից կրկին կանցկացվեն «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», «Պարում է Երևանը», Գարեջրի և Ձմերուկի փառատոները: «Երևանյան ամառ 2017» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվեն «Պաղպաղակի օր» և Ընտանի կենդանիների ցուցադրական 1-ին մրցույթ-փառատոները:
«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շնորհիվ այս հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքը դարձել է փառատոնային քաղաք: Մեր կողմից արված հարցումները ցույց են տվել, որ մի շարք միջոցառումներ սիրվել են ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլև Երևան այցելող զբոսաշրջիկների կողմից, ինչը վստահաբար նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Այս տարի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են նաև մի շարք նորություններ, այդ թվում՝ փառատոնային: Ի դեպ, նշեմ, որ միջոցառումներում ակտիվ ներգրավված կլինեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթամշակութային և մարզական հաստատությունների սաները, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձիք», – նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում՝ ուղղված տարբեր տարիքային խմբերի և տարբեր հետաքրքրություններ ունեցող անձանց համար:
Երևանյան երեկոները կուղեկցվեն երաժշտական ավանդական՝ «Երևանյան բառդ», «Հնչում է Երևանը» միջոցառումներով: Ամռան երեք ամիսներին տարբեր ցուցադրություններով հանդես կգան Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ու ցուցասրահները: «Երևանյան ամառ 2017»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր համայնքային ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, «Էդուրադ Իսաբեկյան» ցուցասրահում և «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում մուտքը կլինի ազատ:
Այս ամառը հագեցած կլինի նաև մարզական միջոցառումներով՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշար, «Դրեգ Րեյսինգ» արագընթաց Երևան սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը, «Երևան դրիֆթքինգ» ավտոշոուն և այլ նախաձեռնություններ:
«Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագիրը կեզրափակվի օգոստոսի 31-ին՝ «Ցտեսությո՛ւն, ամառ» խորագրով անցկացվելիք ծրագրով:
Երևանի քաղաքապետարան