Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահ Բրյուս Ուիլկինսոնը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Նա շրջել է կենտրոնի հիմնական կառույցներում, ծանոթացել ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման, ինչպես նաև կլինիկական, բջջաբանական, բիոքիմիական, մակարդելիության համակարգի բաժանմունքներում իրականացվող ծառայություններին։
Աշխարհի 35 երկրում, այդ թվում` Հայաստանում ներկայացված բարեգործական կազմակերպության նախագահը կենտրոնի մասնագետների հետ քննարկել է հիվանդների բուժման հետ կապված հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին։ Մեր բժիշկները Բրյուս Ուիլկինսոնին ներկայացրել են այն դեղերի ցանկը, որոնք կարող են հիվանդների բուժումն ավելի արդյունավետ դարձնել։
Ամերիկացի պատվարժան հյուրը պատրաստակամություն է հայտնել հնարավորություններ գտնել նշված դեղերով կենտրոնին աջակցելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարարություն