«Արամ Աթեշյանի հրաժարականն այսքան շուտ սպասելի չէր»,- «Զարկերակ» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի ընտրություններին Աթեշյանը հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը: Թուրքագետը նկատեց, թե Աթեշյանի որոշումներն ինքնուրույն չեն կայացվում. «Համայնքում հատկապես նյութապես ազդեցիկ մարդիկ կան, որոնք Աթեշյանի հետևում են կանգնած և մղում են ինչ-որ քայլերի: Այդտեղ կա նաև պետության գործոնը»:
Թուրքագետը նշեց, թե Աթեշյանի հրաժարականը սպասելի էր Էրդողանի`«դուք այլևս կարող եք ձեր պատրիարքի ընտրությունը կատարել»: Ըստ Տիրան Լոքմագյոզյանի` ով էլ լինի Աթեշյանի փոխարեն, չի կարողանալու ազատ գործել. «Աթեշյանը հավանաբար մասնակից է լինելու պատրիարքի ընտրությանը: Եթե ընտրվի, այն ժամանակ էլի Աթեշյանի հետ պետությունը կշարունակի աշխատանքը, քանի որ Աթեշյանն Էրդողանին ձեռնտու է»:
Դառնալով Աթեշյանի շանսերին` թուրքագետը նկատեց, եթե Աթեշյանն ութ-ինը տարի առաջ առաջադրվեր, կհաղթեր, բայց քանի որ այս ուղին բռնեց, գնալով շանսերը պակասեցին, թեև այժմ էլ կա այն մասսան, որը լռում, նստում է. նրանք ամենայն հավանականությամբ կընտրեն հենց Աթեշյանին:
Դառնալով ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող ցուցարարների և նրա կոստյումով թիկնապահների միջև կատաղի բախումներին ու ոստիկանության անհաղորդ մնալուն` թուրքագետն ասաց. «Առաջինը չէ այս դեպքը: Այստեղ հետաքրքիր է ոստիկանության պահվածքը, որ համարյա թե ձեռք չէին տալիս հարձակվողներին: Այստեղ կա նաև այն հանգամանքը, որ հարձակվողների մեջ էին նաև դիվանագետներ և գոյություն ուներ անձեռնմխելիության գործոն»:
Դառնալով Էրդողանի` տարածաշրջանում ունեցած հավակնություններին` Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց, որ Էրդողանն այսպես կոչված լավ տղաների թաղամասից է եղել. «Դա էրդողանի ոճն է: Եթե ուշադրություն դարձնեք Էրդողանի քայլվածքին, ապա կտեսնեք, որ նա ճակատ տվող, լավ տղայի կեցվածքով է քայլում, այդպես էլ իր բոլոր գործերն է առաջ տանում»:
Թուրքագետն ամփոփեց, որ Էրդողանի խնդիրը Թուրքիայում իսլամական ուղղվածությունը վերականգնելն է, որը կար Օսմանյան կայսրության ժամանակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ