Տավուշի մարզով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հատկապես Իջեւան-Դիլիջան հատվածում, ամեն օր կարելի է տեսնել առանց հսկողության կովերի նախիրներ, ձիերի երամակներ:
Ճանապարհի եզրին արածող կենդանիները Աղստեւ գետից ջուր խմելու համար հատում են ճանապարհը, հաճախ հայտնվում ճանապարհի մեջտեղում, ստեղծելով վթարային իրավիճակ:
Թափառող կենդանիները երթեւեկող ավտոմեքենաների համար մեծ վտանգ են ներկայացնում հատկապես գիշերային ժամերին: Ճանապարհին հայտնված անասունների պատճառով Տավուշի մարզում բազմաթիվ վթարներ են եղել, շատ ավտոմեքենաներ են ջարդվել:
Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից է հռչակված, քանզի մարզը գեղեցիկ բնություն ունի եւ պատմաճարտարապետական նշանավոր կոթողներ: Տավուշի մարզ այցելող կամ մարզի տարածքով Վրաստան մեկնող արտասահմանցիները, տեսնելով ճանապարհի մեջտեղում նստած կովերը, կարող են կարծել, որ Հնդկաստանում են, ուր կովերը սրբազան կենդանի են համարվում:
Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ