Այս պահին խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանի երկու ռազմաբազաներում 65, Կատարում 56, Կոսովոյում 40, Լիբանանում 32 հայ խաղաղապահ զինծառայողներ:
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարի հուլիսին ՀՀ-ում տեղի կունենա ինժեներասակրավորային դասակի և դաշտային հոսպիտալի գնահատումը ՆԱՏՕ-ի կողմից մեր գումարտակային զորավարժության ֆոնին` շուրջ 1200 զինծառայողի ընդգրկմամբ: Իսկ Գերմանիայում և Ղազախստանում տեղի կունենան բազմազգ զորավարժություններ:
Պարոն Սիմոնյանը նշեց, որ իրենց գումարտակը ստեղծվել է 2001-ին, իսկ 2007-ից խաղաղապահ գումարտակը վերակազմավորվել է բրիգադի, քանի որ իրենց առաջ դրված առաջադրանքների թիվը և ծառայության ձևերն այնքան էին մեծացել, որ արդեն գումարտակի կազմը չէր հերիքում. այդ պատճառով դարձավ բրիգադ:
Նա տեղեկացրեց, որ լինելով ՀՀ ԶՈՒ միավոր` իրենք մասնակցում են մարտական պատրաստության ծրագրի բոլոր միջոցառումներին, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ենթակայության տակ խաղաղապահություն իրականացնելու բոլոր ծրագրերին. խուզարկում, շարասյան ուղեկցում, պարեկություն, ամբոխի կառավարում, դիտակետ:
Պարոն Սիմոնյանը նշեց` ՆԱՏՕ-ից ցանկություն են հայտնել, որ մենք ունենանք 3 գումարտակ. «Համալրման գործընթացը չի ավարտվել. տեխնիկայով և զենքերով համալրումն ընթացքի մեջ է: Դա ավարտելուց հետո արդեն կունենանք պատրաստ երեք գումարտակ»:
Արթուր Սիմոնյանի պնդմամբ` մեր խաղաղապահները դրսում իրականացնում են ոչ միայն խաղաղապահ առաքելություն, այլև ամեն մեկը մի դեսպան է, որ ներկայացնում է մեր բանակը, մշակույթը, պատմությունը. «Մերոնք Բերդ պարն էլ են պարել: Շատ եվրոպացիներ առաջին անգամ մերոնցից են իմացել, որ մենք հին քրիստոնյա ազգ ենք: Ցավոք, շատերը գիտեին, թե մենք մուսուլման ենք»:
Դառնալով պարգևատրումներին` պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի և ՊՆ նախարարի կողմից պարգևի են արժանացել 695 զինծառայողներ, արտասահմանյան պարգևների` 100 զինծառայող, խաղաղապահ և միջազգային առաքելություն իրականացնելու համար 3740 զինծառայող է պարգևատրվել մեդալով:
Գեներալ-մայորը պատմեց, թե ինչպես է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ սպան հանգստացրել է երկու գազազած ցեղերին: Նա մանրամասնեց. «Լիբանանում մեր առաքելությունից բացի ունենք դիտորդ: Մեր դիտորդը` փոխգնդապետ Զախարյանը, դիտորդական կազմով մի իրավիճակում է հայտնվել, երբ ծառ կտրելու պատճառով թշնամաբար տրամադրված երկու ցեղեր արդեն զինված պատրաստվում են իրար վրա հարձակվել, արտասահմանցի կոլեգաները փախել են, իսկ մեր սպան մնացել է և կանգնեցրել երկու ցեղերի արյունահեղությունը: Երբ Սեյրան Օհանյանի հետ Լիբանանում էինք, երեք իտալացի գեներալ պատմում էին այդ պատմությունը և ասում, թե իրենք ինչքան կուզեին, որ այս տղերքը իտալական բանակի կազմում` իրենց ենթակայության տակ ծառայեին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Արմենպրես»-ի