ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի հերթական հանդիպումը բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ: Նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի բնապահպան-երիտասարդները հիմնեն Բնապահպանական խորհուրդ, որը կհամագործակցեր նախարարության հետ՝ նպատակ ունենալով աջակցել բնապահպանական խնդիրների լուծմանը:
Այս երկրորդ հանդիպումը` փաստացի խորհրդի հանդիպումն էր նախարարի հետ, որին մասնակցել են նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ և Կովկասի բնության հիմնադրամի /CNF-ի/ ազգային համակարգող Արման Վերմիշյանը: Քննարկման առանցքում Գոշ լճին վերաբերող հարցերն էին: Արծվիկ Մինասյանը ողջունել է երիտասարդների հետ հերթական հանդիպումը` նշել, որ համատեղ ջանքերով շատ հարցերի լուծումներ կգտնեն և կարևորել է նման քննարկումները, որոնք հնարավորություն կտան նաև այլ տեսանկյունից անդրադառնալու խնդրահարույց հարցերին: Այնուհետև նախարարը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք նախատեսվում են իրականացնել Գոշ լճի տարածքում: Արծվիկ Մինասյանը մտահոգություն է հայտնել, որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս արագ և նախօրոք հայտարարված ժամանակացույցին համապատասխան կատարել լճի շրջակայքի մաքրումը: Ափամերձ տարածքների տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացնելու է «Դիլիջան» ազգային պարկը՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին:
«Անհրաժեշտ է առնվազն երեք ոչ անձրևային օր և լճի ափամերձ տարածքների մաքրումը հնգօրյա ժամկետում ավարտին կհասցվի»,- ասել է նախարարը: Երիտասարդների մտահոգություններին, թե որքանով է խախտվել լճի էկոհամակարգը, մանրամասնորեն անդրադարձել է CNF-ի ազգային համակարգող Արման Վերմիշյանը: Ըստ նրա, առաջին հայացքից պատկերը ցավալի է ու էսթետիկ հաճույք չի պատճառում. «Բայց, բարեբախտաբար, էական վնաս չի հասցվել և լիճն ունի ինքնավերականգնման հզոր ռեսուրս ու արագ կվերականգնվի»: Բնապահպան-փորձագետն անդրադարձել է Գոշի էկոհամակարգի պահպանմանն ուղղված մի շարք քայլերի, այդ թվում նշել լճում պարբերաբար մոնիտորինգ իրականացնելու անհրաժեշտությանը:
Շուրջ երկուսուկես ժամ տևած քննարկման ընթացքում բարձրացվել են ոլորտին առնչվող բազմաթիվ այլ հարցեր, այդ թվում էկոտուրիզմի զարգացման, էկոկրթական դաստիարակության, ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այլն: Ամփոփելով քննարկումը՝ նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հանդիպումները պարբերական են լինելու և դրանք նպատակաուղղվելու են նրան, որ քայլ առ քայլ բարեփոխվի ոլորտն այնպես, որպեսզի և´ տնտեսական, և´ բնապահպանական լուծումների համադրումով էկոհամակարգային զարգացման համար գտնվի լավագույն տարբերակը:
ՀՀ բնապահպանության նախարարություն