Հունիսի 8-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Երեւան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին փառատոնի գրասենյակից, Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը, եւ շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավել ևս չի նվագում Եվրոպայից դուրս: Արկադի Վոլոդոսը բացառության կարգով համաձայնել է հանդես գալ Երեւանում` հաշվի առնելով «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական մակարդակը:
Հունիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Սթեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, որը երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար
Արկադի Վոլոդոսը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի նվագախումբը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ցյուրիխի «Թոնհալեն», Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ամստերդամի արքայական Կոնցերտգեբաու նվագախումբը և Մյունխենի ֆիլհարմոնիկը։ «Վոլոդոսը նվագում է Լիստ» ձայնասկավառակն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։ 2010թ.-ին Մուզիքֆերայնի իր մենահամերգը թողարկվել է տեսասկավառակներով և ձայնասկավառակներով ու արժանացել մասնագիտական շրջանակի բարձր գնահատանքին։ Վոլոդոսի սոլո ալբոմը՝ նվիրված կատալոնացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մոմպուին, արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի եւ «Էխոփրայզի», իսկ վերջերս թողարկված «Բրամս» ձայնասկավառակը` «Դիապազոն Դ՛Օր»-ի։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ