ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավար էր: Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արդեն կրճատումներ է սկսել ԱԺ-ում, դա ի՞նչ է նշանակում՝ ձեր օրոք ուռճացվա՞ծ էր՝ նա պատասխանեց. «ԱԺ-ում իմ պաշտոնավարման ընթացքում 56 հաստիք է կրճատվել»: Դիտարկմանը, որ փաստորեն, էլի կրճատման կարիք կա, ուրեմն այդքան ուռճացված է եղել՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, միշտ էլ կա, ցանկացած կառույցում միշտ կա կրճատման անհրաժեշտություն»:
Մեր հարցին՝ ժամանակին մեծ աղմուկ բարձրացվեց ԱԺ-ի ծառայողական մեքենաների հետ կապված, ձեր պաշտոնավարման օրոք ինչքանո՞վ կրճատվեց այդ թիվը՝ նա պատասխանեց. «36 մեքենա, եթե չեմ սխալվում, կրճատվել է, դրանք ուղարկվել են: Մի մասը սարքին է եղել, մի մասը՝ անսարք»:
Հրայր Թովմասյանը երեկ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացավ շքանշան՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել առ այն, որ դեկտեմբերին էր նախագահը Հրայր Թովմասյանին պարգեւատրել, այդ ի՞նչ խորացված ծառայություններ է մատուցել, որ կրկնակի պարգեւատրվում է: Նա պատասխանեց. «Ես պարզապես ստացա դեկտեմբերի այդ իմ պարգեւատրումը: Ես այն ժամանակ բացակայում էի, հիմա եմ ստացել: Երկու անգամ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար չէի պարգեւատրվի, բնականաբար: Ես եւ Կորյուն Նահապետյանը հանրապետությունում չէինք, մենք երկուսս էլ ուշացումով ենք ստացել: Պետական պարգեւների մասին օրենքով չի կարող նույն աստիճանի շքանշանը երկու անգամ տրվել մի մարդու, Սովետի ժամանակ, այո, կրկնակի հերոսներ կային»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ