Կառավարությունն ուզում է, որ այլեւս իր կազմում տեղ չգտնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը: Այդ առնչությամբ հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունն ինքը պետք է որոշի՝ ինչ կազմով է իրեն նպատակահարմար աշխատել, դա իր իրավասության տակ է, որովհետեւ պատասխանատվություն կրողները իրենք են:
Նա հորդորեց կողմ քվեարկել նախագծին:
Լրագրողները Պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին հարցրեցին՝ որքանո՞վ է ճիշտ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով պաշտոններ են ստեղծում եւ փակում: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դրանում որեւէ վատ բան չկա, որ այս կամ այն որոշման հիմքում քաղաքական դրդապատճառներ կան, քաղաքականության փոփոխություն կա: Հարցին՝ ստացվում է, որ այդ պաշտոնը հենց Դավիթ Հարությունյանի համար էր ստեղծված ու հիմա, երբ նա այլ պաշտոնի է անցել, այդ պաշտոնը վերացնում են՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ոչ, եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին աշխատակազմի ղեկավար-նախարարը եղել է Մանուկ Թոփուզյանը՝ դեռ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք»:
Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար է դարձել, բայց իր նախկին պաշտոնը վերացնելը դրա հետ կապ չունի:
Հարցին՝ եթե դառնում է դա հայեցողական պաշտոն, ինչո՞ւ աշխատավարձը չի փոխվում՝ նա պատասխանեց. «Աշխատակազմի փոփոխությունը պայմանավորված չէ միայն այդ կարգավիճակի հետ, կախված է աշխատանքի ծավալի հետ: Ես եղել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար, վստահեցնում եմ՝ աշխատանքի ծավալի առումով դա չի զիջում նախարարին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ