Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:
«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից մեր մանկապարտեզների բոլոր շուրջ 6000 աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն