Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նորություն կա կամրջից ընկած ու մահացած 13-ամյա երեխայի գործով, արդյոք կամրջի անվտանգության հետ կապված խնդիրնե՞րն են եղել պատճառը, ինչպես որ շրջանառվում են լուրերը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը պատասխանեց` «Այնտեղ եղել է իր ընկերը, որն ականատես է եղել այդ ամենին: Ես գիտեմ, որ կամրջի անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, թող ավարտվի նախաքննական փուլը, հետո դրա մասին կբարձրաձայնենք»:
Տիկին Դուրյանը գտնում է, որ մահացած երեխայի ընկերոջ հետ էլ պիտի հոգեբանական աշխատանք տարվի, քանի որ դեպքն աչքի առաջ է տեղի ունեցել:
Մանրամասները` տեսանյութում
Տիկին Դուրյանը, որը նաեւ ոստիկանության գնդապետ է, անդրադարձավ երեխաների նկատմամբ բռնության դեպքերին` նշելով, որ 4 ամիսների ընթացքում բռնության 59 դեպք է արձանագրվել, որից 24-ը սեռական, մնացածը` ծեծի:
Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ Նելլի Դուրյանի, սեռական բռնության դեպքերը 10-ով պակաս են:
Aravot.am-ի հարցին, թե ընդդեմ բռնության հասարակական կազմակերպությունները պարբերաբար խնդիր են արծարծում` նշելով, որ, եթե ոստիկանությունը իրավական ընթացք տա ընտանեկան բռնություններին, այլ ոչ թե «բարիշեցնողի» դեր ստանձնի, ապա դեպքերն ավելի պակաս կլինեն, տիկին Դուրյանը պատասխանեց, որ եթե տարիներ առաջ լիներ, ապա ինքը կհամաձայներ մեր դիտարկմանը, սակայն այսօր, գրեթե դեպք չկա, որ բռնության ենթարկված քաղաքացու բողոքը չգրանցվի ու ընթացք չտրվի:
Նելլի Դուրյանի խոսքով, ավելի հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները, որոնք, այսպես ասած, «կռվախնձոր» են դառնում. «Ծնողները ոստիկանություն են դիմում, որ մի ծնողից մյուսին տան երեխային, հորից` մորը կամ տատիկ-պապիկին: Շաբաթվա կտրվածքով՝ ունենում ենք 2-ից 3 նման դեպք»:
Ասուլիսին ներկա ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանի խոսքով, ավելի ճիշտ ու հեշտ է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, քան եղած խնդիրը լուծել. «Երեխաները, որոնց դեպքերը պրոբլեմային են, լուծումներ գտնելը դժվար է, եւ որքան վաղ կանխարգելեն, այնքան ավելի հեշտ կարող են հետագա լուծումը գտնել»:
Ոտնահարված իրավունքներով երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են, նաեւ այն ընտանիքներից, որոնք գումարի խնդիր չունեն, պարզապես, ըստ Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանի, ծնողավարման ոճերի անհամապատասախանության խնդիր կա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ