«Wanna Cry» վիրուսից Հայաստանում յուրաքանչյուր 20-րդ համակարգիչ վարակվել է: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին ասաց «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանում եւ Վրաստանում տարածաշրջանային ղեկավար Արմեն Կարապետյանը:
Նա նշեց, որ այս վիրուսն աշխարհում վարակել է 450 համակարգիչ, բայց սա դեռ վերջնական թիվը չէ. «Վարակվել են պետական հիմնարկների, բանկային համակարգի, «Տելեկոմ» ոլորտի եւ անհատների համակարգիչներ»:
Հայաստանն այս կիբերհանցագործության արդյունքում հայտնվել է աշխարհի 40 երկրների ցանկում, որտեղ կիբերանվտանգությունը բարձր մակարդակի չէ: Ըստ բանախոսի, հարեւան Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, ավելի լավ վիճակում է:
Պարոն Կարապետյանի խոսքերով՝ «Wanna Cry» խորամանկ վիրուսը «Վինդոուս» օպերացիոն ծրագրի խոցելիությունն օգտագործելով թափանցել է համակարգիչ, կոդավորել ամբողջ համակարգչի ինֆորմացիան. «Կոդավորելով համակարգիչը՝ վարակը փորձում էր վարակել նաեւ ցանցին միացված բոլոր մյուս սարքավորումները: Վիրուսը տարածողները այն ապակոդավորելու համար օգտատերերից հաճախ պահանջում էին մինչեւ 300 դոլար»:
Թե Հայաստանն ի՞նչ ծավալի վնասներ է կրել, բանախոսը դժվարացավ ասել, նշելով՝ աշխարհում քիչ մարդիկ են ցանցահենների գումարի պահանջը կատարել:
Մանրամասն՝ տեսանյութում
Հայաստանի բանակային համակարգի վրա, ըստ Կարապետյանի, մեկ ամիս առաջ թիրախային հարձակում է տեղի ունեցել, որը «Կասպերսկի Լաբորատորիայի» մասնագետները համապատասխան ծրագրի միջոցով գտել էին հանգույցը, սակայն հակառակ դեպքում հնարավոր էր լուրջ հետեւանքներ լինեին:
«Կասպերսկի Լաբորատորիայի» ներկայացուցիչն ասաց. «Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում բանկային համակարգի անվտանգությունն ինչպիսին է: Ես գտնում եմ, որ Կենտրոնական բանկը պետք է վերանայի իր մոտեցումները կիբերանվտանգության պահանջների նկատմամբ»:
Ըստ Կարապետյանի, իրենք բանկային համակարգի հետ տարին 1-2 անգամ միջոցառումներ կազմակերպում են, մասնագետներն ունեն գիտելիքներ, որպեսզի դիմակայեն վտանգներին, սակայն հաճախ բանկերի ղեկավարները խուսափում են ներդրումներ կատարել կիբերանվտանգության համար, նրանց դժվար է լինում հասկացնել, թե ինչո՞ւ պետք է գումարներ ծախսեն կիբերանվտանգության համար:
Մասնագետը զգուշացրեց, որպեսզի խուսափեք վիրուսներից, ամեն մի անծանոթ կցված ֆայլեր մի բացեք, հետեւեք հակավիրուսային ծրագրի ժամկետին, ապահով գաղտնաբառեր կազմեք, եւ դրանք չպետք է նույնը լինեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ