Ստեփան Սաֆարյանը՝ Ադրբեջանում նոր բիզնես
ծավալելու Ռուսաստանի ծրագրի մասին
Մինչեւ նոյեմբեր` ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրումը, սահմանային իրավիճակը կշիկանա: «Առավոտի» հետ զրույցում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ-ում մինչեւ այժմ էլ չեն հասկացել, որ թեեւ Ռուսաստանը ցուցադրաբար չի անում, բայց տարբեր ձեւերով հասկացնում է Հայաստանին, որ ինքն առանձնապես կողմ չէ ՀՀ-ԵՄ հարաբերությունների բարելավմանը. «Այն, որ շաբաթներ առաջ եւ վերջին արյունոտ դեպքից հետո կրկին մատակարարեցին Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա: Հենց այս պատճառով էլ մինչեւ նոյեմբեր դեռ իրավիճակն էլի կշիկանա»:
Այս համատեքստում պարոն Սաֆարյանին հիշեցրինք Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե «մեր երկիրը Բաքվի եւ Ադրբեջանի ժողովրդի հետ հարաբերությունները չի շաղկապում այլ միջազգային գործոնների հետ. դրանք մեզ համար ինքնուրույն արժեք են»:
Այս հայտարարությունը, ըստ փորձագետի, ուղղված է հայաստանյան լսարանին: Նաեւ հիշեցրինք տարածված այն լուրերը, համաձայն որոնց` Ռուսաստանն Ադրբեջանում ծրագրում է նոր բիզնես ծավալել, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Դա մեզ հանգստացնելու համար են ասում, որ այդ հարաբերությունները եւ բիզնեսը չեն իրականացվում ի վնաս Հայաստանի հետ հարաբերությունների: Փորձում են հերթական անգամ հիմարացնել մեզ: Իբր այդ բիզնեսը, որը տարածում են ռազմատեխնիկական հարաբերությունների վրա, ինչի մասին մեկ անգամ չէ, որ լսել ենք ռուս պաշտոնյաների շուրթերից, չի վտանգի ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությանը, բայց ակնհայտ է, որ դրանից տուժում է ՀՀ անվտանգությունը: Նաեւ մի բան հաշվի առնենք. մենք նման դեմարշներ ունենալու ենք Ռուսաստանի կողմից՝ քանի մոտենանք ԵՄ-ՀՀ պայմանագրի ստորագրմանը»:
Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք` փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը՝ ուղղված Ադրբեջանին, ինչից Հայաստանում ոգեւորվել էին, այդպես էլ էական ազդեցություն չունեցա՞վ, քանի որ երեկ սահմանին կրկին զոհ ունենք, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Այդ ամենին հասան ոչ թե գերազանց աշխատանքի արդյունքում, այլ ԵԱՀԿ-ին այլեւս ոչինչ չէր մնացել, քան Ադրբեջանին դեղին քարտ ցույց տալը: Այս կտրվածքով, իհարկե, մի բան հաշվի պիտի առնենք, որ ԵԱՀԿ-ի ազդեցությունն է թուլացել Ադրբեջանի վրա, քանի որ Ադրբեջանում չունի գրասենյակ, որպեսզի փոխի իրավիճակ, ԵԱՀԿ-ն փաստացի կոնսենսուսային կառույց է, եւ ստացվում է, որ Ադրբեջանն իրավական առումով վետոների իրավունք ունի եւ չի կատարում իր պարտավորությունները: Մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանին զսպելու ռազմավարությունը միայն ԵԱՀԿ-ն չէ»:
Պարոն Սաֆարյանը ԵԱՀԿ-ի հայտարարությունն ընդամենը մի դրվագ համարեց ու նշեց, որ զոհերի խնդիրը միայն Ադրբեջանի հետ չի կապված, այլ նաեւ Հայաստանի պաշտպանության համակարգի լրջագույն վերանայումն է, զինվորական ծառայության համար հնարավորությունների առավելագույն պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծումն է, որը Ադրբեջանը չի լուծելու: Բայց ըստ փորձագետի` ՀՀ-ն չունի նման ռազմավարություն:
Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է, որ Ադրբեջան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության խորացումը սկսվել է դեռ 2008-ին, ուստի այն ժամանակվանից էր պետք մտածել դրա մասին. «Հայաստանը պիտի խստորեն դներ ռազմարդյունաբերական համագործակցության խնդիրը, ինչը պետք է կասեցվեր: Բայց, ցավոք, այսօր ՀՀ պաշտպանական մակարդակում նման հարց չի դրվել, գոնե չի դրվել այն հարցը, որ սպառազինությունների մրցավազքը դադարեցվի»:
Պարոն Սաֆարյանի համոզմամբ` ինչքան էլ մեղավոր լինեն Ռուսաստանն ու Ադրբեջանը, մեղքի մեծ բաժինը ՀՀ իշխանություններինն է այդ խնդիրները ժամանակին չլուծելու եւ այսօր մի ամբողջ երկիր դրա հետեւանքների դեմ մենակ թողնելու առումով:
Իսկ ռուս-ադրբեջանական բիզնեսը պարոն Սաֆարյանը նոր բան չի համարում, այլ եղածի ծավալների ընդլայնում: Նա զուգահեռ տարավ ՀՀ-ում ներդրումային ծրագրերի հետ ու նշեց, որ եթե ՀՀ կառավարությունը նոր է փորձում ներդրումային ֆոնդ ձեւավորել, ապա դեռ 2008-ին Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ նման որոշում էր ընդունվել ռուս-ադրբեջանական ներդրումային ֆոնդի մասին: Այս առիթով պարոն Սաֆարյանը նկատեց. «Ադրբեջանը շատ լավ գիտի իր կարեւորությունն ու քաղաքական գինը Ռուսաստանի համար եւ վաճառում է իր ցանկացած որոշում Ռուսաստանին»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017