Մայիսի 10-13-ի ժամանակահատվածում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստը, որտեղ բախվել են հայերի եւ ադրբեջանցիների շահերը, ու հաղթել է Ադրբեջանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է «աֆիլացված (փոխկապակցված) անդամ» ձեւակերպումը: Կազմակերպության իսկական անդամ կարող են դառնալ միայն պետությունները, իսկ աֆիլացված անդամ՝ բոլորը, բացի պետական կառույցներից. գործարարներ, լրատվամիջոցներ, կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ եւ այլն: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամ լինելը, մեղմ ասած, վատ բան չի: Հայաստանում գրանցված «Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպություն» հասարակական կազմակերպությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամ դառնալու հայտ է ներկայացրել: Մադրիդում հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանը բողոքել է, եւ Հայաստանի պատվիրակությունը հայտը հետ է վերցրել: Փոխարենը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամ են դարձել տարբեր երկրների 24 տարբեր կազմակերպություն:
Ադրբեջանը հաջողել է հերթական միջազգային մակարդակում տապալել Հայաստանի եւ Արցախի շահերից բխող նախաձեռնություն՝ ինչպես ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փակումը, ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանը շրջանցելը եւ այլն:
Այստեղ ամենացավալին եւ վտանգավորը թերեւս այն է, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ է նահանջել: Ակնհայտ է, որ եթե Հայաստանում գրանցված կազմակերպության անվան մեջ «Արցախ» բառը չլիներ, Ադրբեջանը չէր բողոքի: Բայց Ադրբեջանի բողոքին տրվելով՝ Հայաստանը նաեւ հաղթաթուղթ է տալիս վերջինիս: Մի գեղեցիկ օր էլ Ադրբեջանը կարող է բողոքել-պնդել, որ «Արցախ» բառը չօգտագործվի Երկիր մոլորակի վրա կամ Արեգակնային համակարգում, կամ Ծիր Կաթին համաստեղությունում:
Մի՞թե մեր կառավարիչները ապրիլյան պատերազմի հերոս մեր 18-20 տարեկան զինվորներից բան չեն սովորել. եթե ուզում ես հաղթել, մի նահանջիր: Իսկ Մադրիդում Հայաստանի պատվիրակները նահանջել են, չեն էլ փորձել տեր կանգնել «Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպություն» անունով հայաստանյան կազմակերպությանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017