Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում բանավիճում են
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը:
Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվեց՝ 12-ից դարձավ 9: Կտուժի՞ արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը նույնանուն հանձնաժողովը պետաիրավականին միավորելու արդյունքում: Ի՞նչ կփոխվեր, եթե վիճարկվող հանձնաժողովը չմիավորվեր, եւ դրա նախագահությունը վստահվեր ընդդիմադիր «Ելքի» ներկայացուցչին:
Նելլի Բաբայան.– Պարոն Գորգիսյան, «Ելքի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ այս որոշման նպատակը ձեր խմբակցությանն ԱԺ-ում լծակից զրկելն է: Եթե հանձնաժողովը չի լուծարվել, այլ միավորվել է, գործառույթները շարունակվելու են, ի՞նչ մտահոգություններ ունեք այս դեպքում, ինչպիսի՞ լծակից եք զրկվում:
Գեւորգ Գորգիսյան.– Այս միավորվելը արհեստական բնույթ կրեց, որովհետեւ հենց պետաիրավականը արդեն իսկ ամենածանրաբեռնված հանձնաժողովն էր: Քանի որ հանձնաժողովը չի եղել գլխադասային, եւ այնտեղ քիչ նախագծեր են գնացել, կարող էր իրավիճակը փոխվել, շատ նախագծեր կգնային այնտեղ՝ համապատասխան եզրակացություններ ստանալու: Նաեւ հանձնաժողովները պետք է իրականացնեն խորհրդարանական վերահսկողություն: Բացի այդ, ինչպես Հրայր Թովմասյանն էր ասել՝ մարդկանց քանակն ավելացրել են այդ հանձնաժողովում, որպեսզի կարողանան բավականաչափ ծավալի աշխատանքներ իրականացնել: Այսինքն՝ հենց ՀՀԿ խմբակցությունն էլ ընդունեց, որ դա լինելու է սովորականից շատ ծանրաբեռնված հանձնաժողով: Առաջանում է հանձնաժողովների անհամաչափություն եւ մարդկանց, աշխատանքի, ռեսուրսների ոչ համաչափ բաշխում: Եթե գնում ենք օպտիմալացման, ապա կարելի էր եւս մի քանի հանձնաժողովներ միացնել իրար, ու դառնար 8: Բայց այդ դեպքում ՀՀԿ-ն զրկվում էր եւս մի հանձնաժողովից, որովհետեւ Դոնթի բանաձեւով՝ 8-ի դեպքում ՀՀԿ-ին հասնում էր 5 հանձնաժողով, «Ծառուկյան» դաշինքին՝ 3: Իննի դեպքում ՀՀԿ-ին՝ 6, «Ծառուկյանին»՝ 3, իսկ եթե 10 հանձնաժողով լիներ, մեկը կլիներ «Եքին»: Չնայած փաստ չէ, որ 10-ի դեպքում «Ելքին» բաժին կընկներ: Ուղղակի մենք հիմնավորեցինք, թե ինչո՞ւ պետք է այդ հանձնաժողովը լինի, այստեղ կուսակցական մեր շահերը չէ, որ պաշտպանում էինք, բայց ամեն դեպքում դա կլիներ լծակ, որը կղեկավարեր ընդդիմությունը, տվյալ դեպքում՝ «Ելք» դաշինքը: «Ծառուկյան» դաշինքն էլ հայտարարում է՝ ընդդիմություն է, բայց հանրությունը որպես ընդդիմություն ընկալում է «Ելքին»:
Ն. Բ.– Պարոն Մախմուդյան, եթե, այնուամենայնիվ, վիճարկվող հանձնաժողովն առանձին գործեր, եւ նախագահը «Ելքից» լիներ, արդյոք նախագահն ունի՞ այնպիսի լիազորություն, որպեսզի որեւէ նախագիծ վերջնական ընդունել-չընդունելու վրա ազդեցություն ունենար: «Ելքն» ի՞նչ տեսակ լծակ կունենար:
Ռուստամ Մախմուդյան.– Մենք պետք է 2 հարցադրում անենք՝ արդյոք հանձնաժողովի վերակազմակերպումով նվազե՞լ են խորհրդարանական գործառույթները մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, 2-րդ՝ ի՞նչ բովանդակային ազդեցություն էր ունենում այս անվանմամբ հանձնաժողովը, եթե լիներ, եւ ի՞նչ բովանդակային փոփոխության է ենթարկվում, եթե միացել է պետաիրավականին: Որեւէ փոփոխություն չկա: Որպես պրոֆեսիոնալ իրավաբան ասեմ՝ չի կարող ԱԺ-ում որեւէ անվանումով հանձնաժողով լինել՝ որեւէ գործառույթներով օժտված, որը կապված չլինի մարդու իրավունքների հետ: Մի քիչ հեռուն կարելի է նայել եւ քննարկել այս հանձնաժողովի նպատակահարմարությունը կամ հակառակը: Եթե չլիներ էլ՝ ոլորտը չէր տուժելու: Մինչեւ 2007 թվականը չի եղել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, բայց դա չի նշանակում, որ մինչեւ 2007-ը մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը այդ հանձնաժողովի բացակայությամբ այլ մակարդակի է եղել, եւ 2007-ից հետո այլ շոշափելի փոփոխություններ են եղել: Հարգելի ընտրողներ, այս հանձնաժողովի անվանափոխությունը կամ միացումը շարունակելու է նույն ծավալով գործառույթները տեղափոխել այլ հարթություն՝ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահին լծակ տալ եզրույթը տեղին չէ, որովհետեւ հանձնաժողովում ընդգրկված լինելով՝ պատգամավորի կարգավիճակը ոչ պակաս է, ոչ էլ թույլ նախագահից: Նախագահի լծակը աշխատանքների համակարգումն է եւ դրանց արդյունավետ ապահովումը: Օրենքի նախագծերի առումով ազդեցություն ունենալ չի կարող:
Գ. Գ.- Այստեղ հենց խոսքը գնում է աշխատանքների, նախաձեռնությունների լավ կազմակերպման մասին, որովհետեւ վերահսկողական որոշ գործառույթներ են վերապահված հանձնաժողովներին, այդ վերահսկողության կարիքը կա հենց մարդու իրավունքների հետ կապված: Եթե ձեր մոտեցմամբ գնանք, ուրեմն Մարդու իրավունքների պաշտպանի կարիք էլ չունենք, որովհետեւ ցանկացած նախարարություն պարտավոր է մարդու իրավունքները պաշտպանել եւ հարգել:
Ռ. Մ.- Բայց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հակակշռում է այդ նախարարություններին:
Գ. Գ.– Խոսքն այն մասին է, որ միգուցե այլ հանձնաժողովներում կարծում են, թե ամեն ինչ նորմալ է, բայց, օրինակ, նախագծում հաշվի չեն առնված հաշմանդամների որոշ խնդիրներ: Սա արդեն մարդու իրավունքների ոլորտ է գալիս:
Ռ. Մ.– Եթե մենք գնանք այն պրիզմայով՝ ձեր նշած խոցելի խմբերի մասին, ստացվում է, որ մեզ առողջապահության, սոցիալական հանձնաժողով էլ պետք չէ:
Գ. Գ.- Չէ, պետք է, բայց այդ հանձնաժողովը կարող է զբաղվել իրենց ոլորտով, որը կարող է հաճախ անտեսել մարդու իրավունքները. դրանցով հանձնաժողովը առանձնակի պետք է զբաղվի: Հիմա բեռը վերցրել եւ բաշխել են այլ հանձնաժողովների միջեւ, եւ կոնկրետ պատասխանատվություն չկա որեւէ հանձնաժողովի վրա, որը պետք է պաշտպանի մարդու իրավունքները:
Ն. Բ.– «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարել է, որ այդ հանձնաժողովի, այսպես ասած, փակումը պայմանավոված է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով: «ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը հստակ քայլերով նմանվում է միության մյուս՝ առավել ավտորիտար անդամներին: Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներ ԵԱՏՄ մյուս երկրներում գոյություն չունեն: Հանձնաժողովի լուծարումը Հայաստանում վստահաբար եւս մեկ քայլ է դեպի ավտոկրատ, ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ: Այս որոշումը վերջին շրջանում Հայաստանում ԵԱՏՄ անդամակցության ֆոնին ժողովրդավարական անկման ընդհանուր գործընթացի մաս է»:
Ռ. Մ.- Սկանդինավյան երկրներն էլ չունեն նմանատիպ հանձնաժողով, սա է՞լ է պայմանավորված ԵԱՏՄ-ով: ԵԱՏՄ-ի հետ առնչություն չի կարող ունենալ:
Գ. Գ.– Հանձնաժողովը փակելը վատ ուղերձ է միջազգային կազմակերպություններին եւ հանրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017