Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ ատենապետ. «Ազերիները եւ թուրքերը շատ դրամ կդնեն, հայ անունը չգործածելու համար» (Տեսանյութ)

Մայիս 29,2017 12:37

«Ազերիները եւ թուրքերը շատ դրամ կդնեն, հայ անունը չգործածելու համար: Երեք ամիսը մեկ երեսփոխաններ կտանեն Ադրբեջան, կհարգեն, կպատվեն, ինչու ոչ, գրպաններն էլ լիքը կվերադարձնեն»,- այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում իր մտահոգությունները բարձրաձայնեց ՌԱԿ ատենապետ Սերխիո Նահապետյանը: Ըստ նրա, ադրբեջանցիները հատկապես ակտիվ են աշխատում այն երկրներում, որտեղ հայկական գաղութներն ուժեղ են: «Մենք պետք է մեր երիտասարդներին ներգրավենք եւ ակտիվ աշխատենք այդ ամենի դեմ: Մենք պետք է բոլոր կառավարությունների մեջ մարդ ունենանք, որպեսզի մեր դաստիարակությունը ամենօրյա լինի»,- ասաց նա:

ՌԱԿ ատենապետը, ի դեպ հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»`Արցախ այցելելու համար: Նա վստահ է, որ Սփյուռքն այսօր իր ուժերը պետք է կենտրոնացնի Արցախի ճանաչման ուղղությամբ, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ուղղություն տա:

2006 թվականի ապրիլի 26-ին Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի ներկայացուցիչների պալատը միաձայն քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ընդունված օրենքի համաձայն՝ ապրիլի 24-ը հետայսու սահմանվեց որպես 20-րդ դարում առաջին Ցեղասպանության Հիշատակման օր, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը: Օրենքի ընդունումն իրականացվել է Բուենոս Այրես նահանգի ներկայացուցիչների պալատի պատգամավոր, մեր հայրենակից Սերխիո Նահապետյանի համառ ջանքերով:

Իր օրինակի վրա պարոն Նահապետյանը պնդում է, որ իր համար թեեւ բարդ էր 94 պատգամավորի ստորագրություն հավաքել, բայց նաեւ դյուրին: «97 տարի միշտ ձգտել են սրան ու միշտ, վերջին քայլը երբ պիտի արվեր, կասեին`թուրք դեսպանը եւ այլն: Բայց պետք է ուզենալ եւ աշխատել ու դա հնարավոր կդառնա: Ընտանիքդ, բարեկամներդ պիտի ձգես, ամեն օր ժողովրդի հետ շփվես, աշխարհին նայես, ուրիշների հետ շփվես: Սա մեծ եւ դժվար գործ է, բայց պիտի անենք: «Մի խառնվիր տղաս, ամենու հետ լավ եղիր որ վրադ չհարձակին» մտայնությունները պիտի ձգենք: Վախը պետք է հանենք մեջներուցս, այլապես աշխարհը մեր դեմ պիտի աշխատե»,- ասաց բանախոսը:

Մանրամասները` տեսանյութում

ՌԱԿ ԿՎ անդամ Հրայր Հովիվյանն էլ կարծում է, որ Արցախի անկախ հանրապետության ճանաչումը կարեւոր է. «Այն, ինչը չի կարող կատարել Հայաստանի պետությունը Արցախի ճանաչման հարցում, սփյուռքահայերի լուծելիք հարցն է: Նաեւ իրավունքներ չունեցող փախստականների իրավունքների պաշտպանության առումով: Սա պետք է լինի գլխավոր առաքելությունը սփյուռքի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031