«Այսօր եկել ենք այն եզրակացության, որ Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա, 70-ից ավելի կուսակցությունների շարքում: Մենք 95 տարի չենք աշխատել, հայություն պահել, որ գանք ներքին քաղաքական խնդիրներում մրցակցենք»,- «Հայք» վերլուծական կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ հայտարարեց ՌԱԿ ատենապետ Սերխիո Նահապետյանը:
Նա կարծում է, որ ՌԱԿ-ը Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներից պետք է հեռանա, դիտորդ լինի, որ Հայաստանում ժողովրդավարությունը զարգանա, ընտրությունները թափանցիկ լինեն եւ այլն: «Խումբ մը մարդիկ մեզի դատի քաշել են, կուզեն մեզի արգելեն մայր հողի վրա մեր դրօշակը գործածենք»,- ասաց բանախոսը: Խոսքը տեղի ՌԱԿ-ի հետ անհամաձայնությունների մասին է: «Ես անձերի դեմ բան չունիմ: Այս նոր տեսանկյունով եւ 21-րդ դարի նոր ապրումներով, միայն այստեղ ներկայացուցչական գրասենյակ պիտի ունենանք, իբրեւ սփյուռքի կուսակցություն»,- հավելեց նա`մանրամասնելով, որ ինքը հիմա Հայաստան է եկել իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՌԱԿ ատենապետ, «բայց մեզի կըսեն՝ օրենքն այսպես կըլլա… ինչպե՞ս կըլլա, որ կհրավիրեք իբրեւ ՌԱԿ ատենապետ, բայց… ցած, անձնական խնդիրներ կան: Դրա համար ես անձեր մասին չեմ խոսի»:
Լրագրողներից մեկի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ այնուհանդերձ ՌԱԿ-ը Հայաստանում պիտի գործի, Սերխիո Նահապետյանը պատասխանեց, որ Հայաստանում գրանցված կուսակցության անունը պետք է փոխվի, որպեսզի շփոթություն չառաջացնի. «Թող լինի հայկական, հայաստանյան, բայց ՌԱԿ ԿՎ անունից չպիտի հանդես գան: Անձնական շահերի համար կուսակցությունը կզոհվի: Ի՞նչ պլատֆորմ է առաջարկել 25 տարիների ընթացքում կուսակցությունը Հայաստանին: Ոչ մի»:
Նա «ապուշություն» է համարում կուսակցությունը, այսպես ասած, հայաստանակենտրոն դարձնելու գաղափարը: Դա նշանակում է կուսակցության ԿՎ-ն Հայաստան տեղափոխելը եւ այստեղ գործելը: Նա չի ընդունում նաեւ Հայաստանում գործող կուսակցության`ընդդիմադիր դիրքերից հանդես գալը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ