«Ես ասում էի, որ վերջիվերջո համբերության բաժակը լցվելու է: Այն պահվածքը, որ ունի Ադրբեջանը, արդեն չափ ու սահմանն անցնում է»- այսօր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանին ուղղված արդեն հասցեական հայտարարությունը՝ սահմանային լարվածության վերաբերյալ:
Նա ասաց, որ միջնորդական առաքելությունը արագ, կտրուկ բաներ չի անում, քայլ առ քայլ դրան է գնում. «Իրականում, եթե մենք ուշադիր լինենք, արդեն վերջին 3 տարում հասցեագրված էր՝ առանց անուններ նշելու, հայտարարություններում ակնհայտ էր՝ ով է դրանց հասցեատերը, բայց կոնկրետ չէին նշում: Հիմա արդեն կոնկրետ նշեցին, այսինքն, ամեն ինչ ժամանակ է պահանջում: Այդ տեսակետից միջնորդական առաքելությունները դանդաղաշարժ են, բայց այդ դանդաղաշարժության մեջ կան շատ լուրջ վտանգներ՝ այն պետության համար, որը գնում է խաղի կանոնների դեմ»:
Հարցին՝ Պոպովը հայտարարեց, որ պետք է դիտորդների թիվն ավելացնել, սա ինչ-որ բան կփոխի՞՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Խնդիրը Պոպովի հայտարարությունը չի, նա արձանագրեց: Դա պայմանավորվածություններից մեկն է, որ եղել է Վիեննայում: Իհարկե, միայն դրանով հարց չի լուծվում: Վերջիվերջո, ժողովրդի համար ո՞րն է արդյունքը, որ դադարեն այդ սադրանքները, չլինեն վիրավորներ, զոհեր: Այսինքն, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի նպատակն այն էր, որ այդ ամենը դադարեցվի, որովհետեւ առանց դրա խոսել արդյունավետ բանակցությունների մասին անիմաստ է: Ավելին՝ դա ընդամենը մի մասն է ավելի լուրջ փաթեթի՝ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի»:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ 100 տոկոս չի լինում, բայց ինչ-որ չափով զսպում է Կասպրշիկի դերը: Զսպելու ներուժը հիմա մի քիչ ավելացավ, բայց խնդիրը կողմերից մեկի դիրքորոշումն է. «Տո ուզում է 100 դիտորդ դնես, եթե իրա մտքինը սադրանքներ կազմակերպելն է՝ էլի կկազմակերպի, հո դիտորդները չե՞ն կանգնած ամեն մի մետրի վրա: Մենք դա շատ լավ հասկանում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ