Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կինոոլորտի դրամաշնորհային լաբիրինթը

Մայիս 29,2017 11:40

Նախորդ հոդվածում «Առավոտը» խոստացել էր անդրադառնալ կինոարտադրության ներկայիս խնդիրներին: Այս տարի Մշակույթի նախարարության կառույց հանդիսացող Ազգային կինոկենտրոնը դրամաշնորհ է տրամադրել 12 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի: Մենք հանդիպել ենք արտադրության մեջ գտնվող ֆիլմերի մի քանի հեղինակների հետ, նրանց հետ պարզաբանել իրենց կինոնախագծերի արտադրության մանրամասները և զրուցել կինոոլորտի խնդիրների ու սպասվող բարեփոխումների մասին:

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ» նովելաշարը պետական աջակցություն է ստանում 2015 թվականից: 2016 և 2017 թվականների համար ստացված պետական դրամաշնորհի արդյունքում նկարահանվել է նովելաշարի երկու մաս: Ըստ Բաղդասարյանի, Կինոկենտրոնի հետ կնքած պայմանագրի համաձայն, հաջորդ՝ 2018թ.-ին տրամադրվելիք աջակցության արդյունքում կնկարահանվի ֆիլմի երրորդ մասը:

Էդգար Բաղդասարյան- Ստացվում է, որ երեք տարի պետք է տևի, որ լիամետրաժ ֆիլմը ավարտվի: Ակնկալիք ունեմ նախարարին համոզելու, որ հաջորդ տարվա ֆինանսավորումը այս տարի տան, ֆիլմն ամբողջովին ավարտեմ 2017-ի նոյեմբեր-դեկտեմբերին դուրս գա էկրան, պրոեկտը չքնի, բարոյական և բիզնես առումով չմաշվի:

«Ճանապարհը» նովելաշարի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: Ռեժիսորի խոսքով՝ պետական աջակցությունը կազմում է բյուջեի 49%-ը, մնացած 51%-ը ներդնում է արտադրող կազմակերպությունը՝ «Էդգար Բաղդասարյան ֆիլմպրոդակշըն» ՍՊԸ-ն:

Էդգար ԲաղդասարյանՖիլմն արտադրողը իմ կազմակերպությունն է, պետության հետ միասին: Հեղինակային իրավունքները ես չեմ ուզում հանձնել այլ կազմակերպության, իմ ֆիլմերը ուզում եմ մնան իմ երեխաներին:

2016թ. վերջին Մշակույթի նախարարը նախորդ տարիներին սկսված և անավարտ մնացած ֆիլմերի դիտումներ էր կազմակերպել «Մալյան» թատրոնում: Նորանշանակ նախարարը հետաքրքրված էր, թե ուր են գնում պետական գումարները և ինչ ֆիլմեր են արտադրվելու արդեն իր օրոք: Իսկ այս տարվա սկզբին, նախարարությունում կազմակերպվել էր փիչինգ, որի արդյունքում որոշվեց Կինոկենտրոնի աջակցությամբ ֆինանսավորվող ֆիլմերի ցանկը: Կարծում եմ, որ պետական գումարը ծախսելու համար ավելի խիստ չափանիշներ պիտի լինեն նախագծերի ընտրության հարցում: Այս փիչինգ-հաշվետվությանը ինձ շատ զարմացրեց որոշ ֆիլմերի հսկայական բյուջեների չափը: Ես դեռ հարցեր ունեմ այդ առիթով: Պետք է հիմնավորվի՝ որ ֆիլմը ինչու է նկարվում, ինչ է բերելու դա մեր երկրին: Եթե պարզ է, որ ֆիլմը դիտող չի ունենալու, ինչո՞ւ արտադրել: Ընդամենը այն հիմնավորմա՞մբ, որ արդեն մի մասը նկարվել է. դա աբսուրդ է: Պետք է հաշվի առնել նաև, հեղինակների մասնագիտական որակը: Մարդիկ կան՝ փիչինգին «սպռավկա» են բերում, որ իրենք լավ ռեժիսոր են: Դա զավեշտալի է, ռեժիսորի սպռավկան էկրանն է և լիքը դահլիճով հանդիսատեսը:

Էդգար Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև կինոարտադրության խնդիրների ու սկսվող բարեփոխումների մասին, որի շուրջ մի քանի հայտարարությամբ մամուլում արդեն հանդես է եղել Մշակույթի նախարարը:

Էդգար Բաղդասարյան- Փոփոխության ցանկություն իհարկե տեսնում եմ, բայց քայլերը՝ ոչ: Բարեփոխումների գործընթացին չեմ մասնակցում: Իմ կարիքը հավանաբար չի եղել, ինձ ոչ ոք չի զանգել, հրավիրել, բայց դա իմ պրոբլեմը չէ, կինոյի նորանշանակ հանձնակատարի պրոբլեմն է: Իսկ ես արդեն տեսնում եմ, որ ինքը ունի պրոբլեմ: Ես չեմ տեսնում ինստիտուցիոնալ փոփոխություններ: Պիտի ֆիլմ նկարի նա, ով նկարել գիտի: Օրենքը դա է, ոչ թե քավոր-սանիկությունը: Մարդիկ կան, որ կարողանում են սպռավկա բերել և օդ տատանել: Կարծում եմ, որ դա ակնհայտ ֆարս է և հուսով եմ շուտով դիմակներ կպատռվեն:

Շատ է խոսվում ֆիլմերի կոմերցիայի մասին. Դա ինձ շատ է մտահոգում: Մեր կինոարտադրության առաջին պրոբլեմը կրթությունն է: Երկրորդ հրատապ խնդիրը միջազգային մշակութային դաշտին ինտեգրվելն է: Ես անընդունելի եմ համարում այն մոտեցումը, որ պետք է ստեղծվեն ֆիլմեր ներքին սպառման համար, և ֆիլմեր՝ արտաքին սպառման համար: Ես նախարարին էլ անձամբ ասացի, որ չի կարելի սեփական հանդիսատեսին վերաբերվել որպես դաունի: Անգամ, եթե դա այդպես է, դու իրավունք չունես, պետք է կրթես, բարձրացնես: Եթե չես էլ կարողանում, պետք է վնաս չտաս:

Այս տարի պետության աջակցություն ստացած կինոնախագծերից է նաև ռեժիսոր Արսեն Ազատյանի «Նրա մասին» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը: Պատմությունը պատերազմն անցած երեք ընկերների մասին է, որոնց կյանքում անսպասելի շրջադարձ է կատարվում, բայց նրանք ամեն ինչից վեր են դասում արժանապատվությունը։ Ֆիլմը արտադրության փուլ է մտել 2016թ.-ին և նախատեսվում է ավարտել 2018-ին։ Պետության դրամաշնորհը կազմում է ֆիլմի բյուջեի 15%-ը: Արտադրող կազմակերպությունը «Այսօր պլյուս» ՍՊԸ-ն է: Հեղինակից ճշտեցինք՝ ինչ ընդունելություն ունեցավ տարեսկզբի քննարկմանը իրենց նախագիծը:

Արսեն Ազատյան- Դա ավելի շուտ ծանոթություն էր արդեն իսկ արտադրության մեջ գտնվող կինոնախագծերին։ Մասնակցել ենք քննարկմանը և արժանացել լավ ընդունելության նախարարի և նոր հանձնակատարի կողմից։ Կարծում ենք, որ նրանք պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում կինոնախագծերին։ 

Մեր այն հարցին, թե ունի՞ նախագիծը համարտադրողներ, «Այսօր պլյուսի» տնօրեն, ռեժիսոր Արսեն Ազատյանը պատասխանեց

Արսեն Ազատյան- համարտադրողներ ունենք, բայց քանի որ մենք համարվում ենք ֆիլմի գլխավոր արտադրողները, կփորձենք ըստ իրավիճակի վերջնական որոշում կայացնել՝ ում հետ շարունակել համագործակցությունը։

Ցավոք, 2016 թվականից արտադրության մեջ գտնվող «Նրա մասին» ֆիլմի հեղինակները առայժմ չեն հստակեցրել իրենց համարտադրողներին:

Համարտադրողների առկայության մասին հարցը, որը պարտադիր նախապայման է կինոֆոնդերի, այդ թվում և՝ Ազգային կինոկենտրոնի աջակցությունը ստանալու համար, հստակ պատասխան չստացավ նաև Միքայել Պողոսյանի հետ հարցազրույցում: Նրա «Լորիկը» ֆիլմը նույնպես արտադրություն է մտել 2016 թվականից և 2017-ին ստացել պետության դրամաշնորհ՝ արտադրությունը շարունակելու համար:

Միքայել Պողոսյան- Ֆիլմի ֆինանսավորումը սկսվել է 2016թ-ից, 2017-ին տրվել է գումարի մնացած մասը: Ֆիլմի նկարահանումները և մոնտաժը ավարտված են, մնում է հնչյունավորման աշխատանքը: «Լորկը» ֆիլմը ներդնող ունի Կիպրոսից: Մնացած հարցերի պատասխանը կարող եք գտնել ֆիլմի կայքում: 

«Լորիկը» միակ կինոնախագիծն էր, որ քիչ թե շատ համապարփակ տեղեկատվություն ուներ կայքում: Գործընկերներ բաժնում, սակայն, տեսանելի են միայն արտադրող կազմակերպության՝ TEAM PRODUCTION-ի և Միացյալ Թագավորությունում գրանցված K&MM INVESTMENTS COMPANY կազմակերպությունների անվանումները:

«Լորիկը» ֆիլմ է մարդկանց նկատմամբ անկարեկից մի դերասանի մասին, որի հետ հրաշք է տեղի ունենում և նա վերջապես սովորում է սիրել։ Բայց ինչ գնով…: Ֆիլմի արտադրողը «Թիմ պրոդաքշընն» է: Կայքը ծանուցում է, որ սցենարի հեղինակը, գլխավոր դերակատարը և պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է: Ազգային կինոկենտրոնի կայքի տվյալներով Միքայել Պողոսյանը նաև ռեժիսորն է, սակայն կինոկենտրոնի դրամաշնորհով ֆիլմը նկարահանելու հնարավորություն է ստացել ռուս ռեժիսոր Ալեքսանդր Զլոբինը, ում համար սա դեբյուտային աշխատանք է: Թե ինչու է արտադրողը այս էլ երկրորդ անգամ (Եթե բոլորը ֆիլմ) հրավիրում օտարազգի սկսնակ ռեժիսորի, հիմնավորումներ չգտանք:

Միքայել Պողոսյանը հայաստանյան կինոարտադրության հիմնական խնդիրները տեսնում է մասնագիտական, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների սղության մեջ և ակնկալում դրանց լուծումը:

Միքայել ՊողոսյանՄշակույթի նախարարության սկսած բարեփոխումների հետ մեծ հույսեր եմ կապում: Հայաստանյան կինոարտադրության հիմնական խնդիրն այն է , որ չկան լուրջ մասնագետներ, լուրջ ներդրումներ: Չկա տեխնիկական բազա, չկան նաև այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան կազմակերպել կինոյի դիստրիբյուցիայի և վաճառքի հարցերը:

2016 թ. արտադրություն մտած և 2017-ին Կինոկենտրոնի աջակցությամբ շարունակվող լիամետրաժ ֆիլմերի շարքում է նաև Հարություն Խաչատրյանի Վերադարձողները ֆիլմը: Ֆիլմը վավերագրական-խաղարկային է: Թեման արտագաղթն է, աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերի աշխարհընկալումն ու կենսակերպը: Ֆիլմի արտադրողը «Ոսկե ծիրան» ԿԶՀ-ն է, պետության աջակցությունը կազմում է ֆիլմի բյուջեի 60%-ը:

Հարություն Խաչատրյան- Ես 25 տարի հետևում եմ իմ հերոսներին՝ տեսնելու ինչպես է փոխվում նրանց ճակատագիրը, մտածողությունը, փիլիսոփայությունը: Ֆիլմի հերոսներից մեկը երեք գերեզման ունի՝ Էստոնիայում, Օդեսայում ու Երևանում: Ի՞նչ հետք է թողել աշխարհում արտագաղթած հայը. «Վերադարձողները» ֆիլմը դրա մասին է: Մենք այսօր լուրջ խնդիրների առջև ենք կանգնած՝ արտագաղթ, աղքատություն, զսպված զայրույթ, կոնտակտի թուլացում: Եվ սրանք նաև կինոյի միջոցով քննարկելիք և ուսումնասիրելիք թեմաներ են: Սա պիտի լինի պետության մտահոգության խնդիրը՝ նաև կինոյի օգնությամբ հաղթահարելու ազգային ճգնաժամը:

Կինոարտադրության մեջ պետության դերի հարցում Հարություն Խաչատրյանը առաջարկում է ընտրել այն մոդելը, որն արդարացված է մե՛ր նման երկրներում և ելնել մեր պետության շահերից ու առաջնահերթություններից: Բայց ամենակարևորը, ըստ Հ. Խաչատրյանի, մոդել ընտրելն է և հստակ, թափանցիկ մեխանիզմ կիրառելը: Պետությունը չպետք է հայտարարի մի բան, անի՝ մյուսը, եթե ցանկանում է որևէ ձեռքբերում ունենալ:

Հարություն Խաչատրյան- Կա երկու տարբերակ, սովետմիության ժամանակների պես պետությունը կինոֆաբրիկան սարքում է, ֆիլմը պատվիրում է, ինքը վճարում է, արտադրում է, ընդունում է ֆիլմը, հետո էլ վաճառում է կամ չի վաճառում, իր գործն է: Բայց այսօր զարգացած աշխարհում նման բան չկա:

Հիմա մեր պետությունը չես հասկանում՝ արտադրող է, թե դրամաշնորհ տվող, պետությունն է որոշում է՝ ֆիլմը մասնակցի փառատոնի, թե ոչ: Դա ի՞նչ պետության գործն է: Կամ Մշակույթի նախարարը ինչպե՞ս կարող է որոշել՝ ո՛ր ֆիլմն է լավը, ո՛րը՝ վատը: Ֆիլմի կամ նախագծի որակը պետք է հատուկ հանձնաժողովները որոշեն: Եվ հանձնաժողովն էլ պիտի լինի անաչառ:

Պետությունը չպիտի զբաղվի նաև կինոբիզնեսով, ֆիլմերի վաճառքով. Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան կինոբիզնեսով չեն հետաքրքրված, իրենց համար կարևոր է մշակութային քաղաքականությունը, կինոկրթությունը և երկրի իմիջը:
Պետության գործը իր մշակույթը, իր արժեքները պրոպագանդելն է, որի համար ինքը կարող է ֆինանսավորել կոնկրետ նախագծեր, և մյուս կողմից՝ բարենպաստ միջավայր, օրենքներ, խաղի կանոններ ստեղծելն է, որ մասնավոր կինոարտադրողները աշխատեն, ոլորտը զարգանա:

– Տարիներ առաջ մասնավորին հանձնվեց նաև «Հայֆիլմ» կինոստուդիան: Ի՞նչ պատահեց հետո:

Հարություն ԽաչատրյանՎայրի ձևով թալանեցին ու վաճառեցին: Պետությունը հենց այդ պահին պիտի կարգավորող իր ֆունկցիան կատարեր, բայց չարեց: Դա մի առանձին ուսումնասիրության արժանի ֆենոմեն է: Հիմա «Հայֆիլմի» շենքը պետությունը հետ վերցրեց, Ազգային կինոկենտրոնի գրասենյակ դարձավ ընդամենը:

12-13 տարի առաջ ես առաջ քաշեցի Կինոկենտրոն ստեղծելու գաղափարը, կինոյով զբաղվող կառույց չկար: Առաջարկեցի, որ Կինոկենտրոնին տրված ֆինանսները, դրամաշնորհի տեսքով, ուղիղ գնան կինոնախագծերին: Ամեն տարի պետք է հանձնաժողով հավաքվեր և որոշվեր՝ արժե՞ պետության դրամաշնորհ ստանա տվյալ նախագիծը: Իսկ հիմա 20 տարի է՝ մեկ հանձնաժողով է: Գումարը ամեն տարի պետբյուջեից տրամադրվում է, որոշում են ամեն նախագծին ինչ-որ բան տալ, գնա նկարահանի, որ փողը հետ չտան պետությանը: Ստացվում է աննորմալ վիճակ. կարող է այդ տարի լավ նախագծեր չկան, բայց պետությանը փող հետ չտալու համար բաժանում են նախագծերին, հետո ֆիլմը ստացվում է, թե ոչ՝ իրենց չի հետաքրքրում: Ասում են՝ ունե՞ս համարտադրող, ասում է՝ իհարկե ունեմ, Շվեդիայից մեկը նամակ է գրել, գումար է պատրաստ տրամադրել: Հետո էդ համարտադրողը գնում կորում է, հայ արտադրողն ասում է՝ դե մի մասը նկարել եմ, էլի փող տվեք, ու կարող է 5-6 տարի էդ ֆիլմը նկարել:

Նայում են ավելի շատ ոչ թե նախագծի արտադրական պրոֆեսիոնալիզմին, այլ՝ նրան, թե ո՛վ է ներկայացնում նախագիծը: Հաճախ նկարվում է ֆիլմ, որը ոչ մի բանի պետք չէ: Իսկ գումարը տվել են, որովհետև լավ տղա է, կամ փող է բերել դրսից, կամ՝ որովհետև պետբյուջեից փողը իջեցված է, պետք է բաժանել, որ նկարահանեն:

Մինչդեռ չի կարելի հանձնաժողովի կազմում ընդգրկել ռեժիսորի, որ դրամաշնորհի է դիմել, չի կարելի ընդգրկել պրոդյուսերի, որ արտադրության մեջ է էդ պահին, չի կարելի նախորդ տարի դրամաշնորհ ստացած արտադրողին կամ ռեժիսորին ֆիլմը չավարտելու դեպքում նորից դրամաշնորհ տալ և այլն: Պայման պիտի լինի՝ այս ֆիլմը չավարտեց, մյուս անգամ չի ստանա գումար: Ոչ թե այնպես, ինչպես հիմա է՝ չարեց, մյուսի համար է ստանում, չարեց՝ մյուսի համար է ստանում: Կարծես կերակրատաշտ լինի, և մի քանի մարդ զբաղված է մեկը մյուսի բաժինը խլելով, բամբասելով, ոչ թե կինո նկարելով:
Հիմա էս տարի մարդիկ բերել են անավարտ ֆիլմեր, պետությունը էլի գումար է տալիս, որ շարունակեն աշխատել: Ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ է կիսատ ֆիլմը, ո՞ւր է նախորդ տարվա դրամաշնորհի արդյունքը: Պատասխանատվության ենթարկելու փոխարեն, էլի փող է տալիս, որ շարունակեն:

Կինոկենտրոնը պետք է աշխատի ֆոնդի սկզբունքով. գումար է տրամադրել, պետք է վերահսկի՝ արդյունավե՞տ է ծախսվել: Եթե վաճառվել է, պայմանագրի համաձայն, պետք է եկամտից որոշակի տոկոս ֆոնդին վերադարձվի, որպեսզի նաև կինոյին հատկացվող գումարները մեծանան, չմնան միայն պետբյուջեի հույսին:
Պետությունը պետք է պայքարի ֆունկցիոնալ անգրագիտության դեմ, դա է իր առաքելությունը, ոչ թե կոմերցիայով զբաղվելը: Դա կանեն կոմերցիոն կազմակերպությունները: Ամենամեծ պրոբլեմը լավ նախագծեր ունենալն է, լավ սերունդ կրթելն է, առողջ միջավայր ստեղծելն է: Սա է պետության խնդիրը:

2017 թվականին Ազգային կինոկենտրոնը դրամաշնորհ է տրամադրել նաև 4 կարճամետրաժ, 4 դեբյուտային, 6 մուլտիպլիկացիոն ֆիլմերի և 1 երգիծական կինոհանդեսի: Ընդհանուր առմամբ դրամաշնորհ ստացած 24 նախագծերի մեջ կան ֆիլմեր, որոնք արտադրության մեջ են 2016-ից, ինչպես նաև նախագծեր, որոնք արտադրություն են մտել 2017-ին: Լիամետրաժ խաղարկային 12 ֆիլմերի ցանկում դրամաշնորհ է ստացել նաև 2 հեռուստասերիալ, որի արտադրողը Հանրային հեռուստատեսությունն է, ռեժիսորը՝ Մհեր Մկրտչյանը:

«Առավոտի» զրույցը կինոնախագծերի հեղինակների և ոլորտի պատասխանատուների հետ կշարունակվի:

Լուսանկարների հեղինակ՝ Դավիթ Ներկարարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ամեն տարի ստանում եմ ֆիլմիս համար գումար , որը գնալով պակասում ա , ու հետաքրքիրա ինչի ա պակասում )
    ————————–
    հարցեր
    1- վատ ֆիլմ ե՞մ անում
    2- ո՞նց են գնահատում
    3- ինչի՞ են ինձ գումար տալիս , եթե անելուց հետո միայն ցանցում են ֆիլմերը երևալու

    • Մանվել says:

      Նաիրա ջան,ֆիլմերիտ հետագա ճակատագրով զբաղվողը պետք է ֆիլմերիտ պրոդյուսերը լիներ:Որքան գիտեմ քո ֆիլմերի պրոդյուսերը պետությունն է եղել,որի համար ՛՛պո ֆիգ՛՛,թե ինչպիսի ֆիլմեր էս դու նկարել և,թե ինչ ճակատագրերի պետք է դրանք արժանանային…
      Քո հարցերի պատասխանը՝ հենց նրանց պետք է ուղղված լիներ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031