Ինչ մասնագիտություն ունեն նոր խորհրդարանի
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները
Նոր խորհրդարանում ոչ միայն պատգամավորների թիվը կրճատվեց` 131-ից դառնալով 105, այլեւ մշտական հանձնաժողովներն օպտիմալացվեցին:
5-րդ գումարման Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովից 6-րդ գումարման ԱԺ-ում մնաց 9:
Անցած օրերին հանձնաժողովների կրճատման ու միավորման շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի ունեցան: Մշտական հանձնաժողովներից վեցի նախագահներ ընտրվեցին ՀՀԿ-ական պատգամավորներ, 3 հանձնաժողովի ղեկավարումն էլ «Ծառուկյան» դաշինքին վստահվեց: «Ելք»-ին ոչինչ չհասավ:
Նշենք, որ մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար:
Այսպես` Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է հանրապետական Հակոբ Հակոբյանը: Չնայած պարոն Հակոբյանը մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է «Արփա-Սեւան» շինտրեստում, այդուհանդերձ, նրա ղեկավարած մարմինը կզբաղվի առողջապահության, մայրության, մանկության, սոցիալական ապահովության, հաշմանդամության հիմնահարցերով, աշխատանքի, զբաղվածության, ժողովրդագրության հարցերով:
Հակոբ Հակոբյանը 5-րդ գումարման ԱԺ-ում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:
Այս մշտական հանձնաժողովում ընդգրկված 8 անդամներից 5-ը ՀՀԿ-ական են, 1-ը` ՀՅԴ-ից, 1 պատգամավոր՝ «Ելք» դաշինքից, մեկն էլ` «Ծառուկյան» դաշինքից:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է Նաիրա Զոհրաբյանը` «Ծառուկյան» դաշինքից: Այս հանձնաժողովը զբաղվելու է Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապերով, ներդաշնակեցնելու է Հայաստանի Հանրապետության օրենքներն ու եվրոպական օրենսդրությունը: Տիկին Զոհրաբյանը մասնագիտությամբ թատերագետ է. ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը, միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ է անցել:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, բացի Նաիրա Զոհրաբյանից, եւս երկու «Ծառուկյան»-ական պատգամավորներ են ընդգրկված: Չորս պատգամավոր էլ՝ հանրապետականներից: Մեկ պատգամավոր` «Ելք» դաշինքից:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդեւան Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանը, որի ղեկավարած մարմինը զբաղվելու է տարածքային կառավարման, վարչատարածքային բաժանման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման, համայնքային ծառայության, տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, գյուղատնտեսության, բնության պահպանության հարցերով, աշխատել է որպես Լենինգրադի մարզի կանանց բիաթլոնի հավաքականի մարզիչ: Վարդեւան Գրիգորյանը նաեւ Հայաստանի բիաթլոնի հավաքականն է մարզել:
Եղել է նաեւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:
Այս հանձնաժողովում «Ծառուկյան»-ական պատգամավորները, Վարդեւան Գրիգորյանից բացի, եւս երկուսն են, 6 պատգամավոր՝ ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից, մեկ պատգամավոր էլ` «Ելք»-ից:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը` ՀՀԿ-ից:
Պարոն Աշոտյանը աշխատել է որպես կրթության եւ գիտության նախարար, եղել է Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ: Նա համակարգելու է միջազգային հարաբերությունները, միջխորհրդարանական կապերը, միջխորհրդարանական բարեկամական խմբերը, հայրենադարձության հարցերը, սփյուռքի հետ կապերը: Բացի Արմեն Աշոտյանից, այս մշտական հանձնաժողովում եւս հինգ հանրապետական են լինելու: Երկու անդամը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ, մեկը` ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք»-ից մեկ պատգամավոր կա` Արտակ Զեյնալյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը կղեկավարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Այս հանձնաժողովի գործունեության ոլորտներն են` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժեր, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն: Կորյուն Նահապետյանը մասնագիտությամբ իրավաբան է: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ԵՊՀ ասպիրանտուրան, ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Ունի լեյտենանտի զինվորական կոչում: Պարոն Նահապետյանը 5-րդ գումարման Ազգային ժողովում եղել է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նրա ղեկավարած մարմնում 5-ը կուսակից պատգամավորներ են, 3 պատգամավոր՝ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունից, մեկը` «Ելք»-ից, մեկ պատգամավոր էլ` ՀՅԴ-ից:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն է: Նրա ղեկավարած մարմինը զբաղվելու է հարկերի, տուրքերի, վճարների, արդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, բնական պաշարների, տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության, ինտերնետի (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղերի, զբոսաշրջության, առեւտրի եւ ծառայությունների, ձեռնարկատիրական գործունեության, պետական գույքի կառավարման, սակագների, տնտեսական մրցակցության, հակամենաշնորհի հարցերով:
Պարոն Հարությունյանը մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ է: Աշխատել է Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայում: Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն է եղել: Եղել է նաեւ ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարար, Հանրային խորհրդի անդամ, նաեւ ՀՀ վարչապետ է եղել: 1995-1999թթ.-ին էլ` ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Բացի Խոսրով Հարությունյանից, այս հանձնաժողովի կազմում 7 հանրապետական պատգամավոր կա, 5 «Ծառուկյան»-ական, մեկ պատգամավոր էլ «Ելք» դաշինքից է ընդգրկված:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Ծառուկյան» դաշինքից ընտրված Վարդան Բոստանջյանն է` մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ։ Պարոն Բոստանջյանը նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։
Նրա ղեկավարած հանձնաժողովը քննարկելու է գիտության, կրթության ու մշակույթի, երիտասարդության, սպորտի, տեղեկատվության, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության վերաբերյալ հարցեր:
Այս հանձնաժողովում 3 պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունից է, 6-ը՝ ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից, մեկ պատգամավոր էլ՝ «Ելք» դաշինքից:
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է ՀՀԿ-ից պատգամավոր ընտրված Հրայր Թովմասյանը: Մասնագիտությամբ իրավաբան է, չնայած 2001 թվականին զբաղեցրել է բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: Ավելի ուշ պարոն Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, ապա` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մշտական հանձնաժողովը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների, ընտրական համակարգի, հանրաքվեի, սահմանադրական դատարանի, արդարադատության, հանրային ծառայության, դատարանակազմության, դատախազության, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրության հարցերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի կանոնակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, փաստաբանությանը, նոտարիատին, կուսակցություններին, հասարակական միավորումներին, կրոնին, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, ազգային փոքրամասնություններին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային, դատական ակտերի հարկադիր կատարմանը, քրեակատարողական ծառայությանն առնչվող հարցերով: Հրայր Թովմասյանն էլ հետը՝ այս հանձնաժողովում 8 անդամները Հանրապետական կուսակցությունից են, երեք պատգամավոր՝ «Ծառուկյան» դաշինքից, մեկ պատգամավոր՝ «Ելք»-ից, մեկն էլ` ՀՅԴ-ից:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Գագիկ Մինասյանն է, որը 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Պարոն Մինասյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, աշխատել է ԵրՄՄԳՀԻ-ում որպես ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ:
1999-ին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, ապա հետագա գործունեությունը ծավալել ԱԺ-ում:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվելու է բյուջետային օրենսդրության, պետական բյուջեի, փոխառությունների, վարկերի, դրամի, դրամաշրջանառության, աուդիտի, հաշվեքննության, բանկային համակարգի, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաների հարցերով:
Հանձնաժողովականներից վեցը ՀՀԿ-ական են, 3 պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից է, հանձնաժողովի մեկ անդամ էլ «Ելք»-ից է:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017