ՀՀԿ-ի սկզբունքն անփոփոխ է
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, չնայած ընդդիմախոսների հակառակ պնդումներին, կարծում է, որ վերջերս կայացած Երեւանի ավագանու ընտրությունները բավականին հաջողված էին, հատկապես՝ թափանցիկությամբ: «Դրանք քայլ առաջ են: Գործարկվեցին այն տեխնիկական հնարավորությունները, որոնք կիրառվեցին նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ՝ ՀՀԿ-ի ստացած ձայները եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրությունն այդ ամենի տրամաբանական շարունակությունն էր»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց նա:
Գագիկ Մինասյանի բնորոշմամբ՝ «ԵԼՔ»-ը եւ «Երկիր Ծիրանին» ստացան այն, ինչին արժանի էին՝ ըստ քաղաքացիների գնահատականի. «Չկա տեսակետ, թե քաղաքացիների քվեարկությունն այս կամ այն պատճառով խեղաթյուրվել է, եւ դա ամենամեծ ձեռքբերումն է»: Պատգամավորը կարծում է, որ ավագանու ընտրություններում քաղաքացիների պասիվ մասնակցությունը գուցե կապված է այն փաստի հետ, որ երկու ընտրություններ իրար հաջորդեցին. «Կամ, գուցե՝ ԱԺ ընտրություններն ավելի քաղաքականացված էին, իսկ ավագանու ընտրությունները՝ տեղայնացված: Երեւի այլ գործոններ էլ կան, բայց դրա համար հատուկ հետազոտություն պետք է կատարել»:
Թե որքանով են արժանահավատ «ԵԼՔ» դաշինքի՝ Տարոն Մարգարյանի շտաբում կատարված ընտրակաշառքների մասին բացահայտումները, Գագիկ Մինասյանի խոսքով՝ հարցի պատասխանը կտան պատկան մարմինները. «Այդ պատասխանը կասկածի տակ առնելու հիմքեր չունեմ»:
ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է. որ Երեւանի ավագանիում ՀՀԿ-ի եւ, օրինակ, «ԵԼՔ»-ի միջեւ հնարավոր գործակցության դաշտը չափազանց մեծ է. «ՀՀԿ-ի սկզբունքն անփոփոխ է՝ ազգային եւ պետական շահերի համընկնելու պարագայում մենք կարող ենք գործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անկախ նրանից՝ վերջիններս իշխանական թեւում են, թե ընդդիմադիր: Եթե «ԵԼՔ»-ն այս տեսանկյունից մոտենա խնդրին, կարծում եմ՝ գործակցությունը մեծ շրջանակներ կընդգրկի»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հետ համատեղ աշխատանքի առնչությամբ «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ, ավագանու անդամ Տիգրան Ավինյանն «Առավոտին» ասել էր. «Կարող ենք գործակցել այն ծրագրերի շուրջ, որոնք կլուծեն երեւանցիների խնդիրները: Փաստացի, մենք իշխանական լծակներ չունենք, քանի որ մեծամասնություն չենք, բայց հուսով եմ, որ անգամ հանրապետական ավագանիներին կհամոզենք, որ երեւանցիներին հուզող ծրագրերը պետք է կյանքի կոչել»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017