Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պայքարել սեփական էգոիզմի դեմ ու հաղթահարել այն

Մայիս 29,2017 11:30

Մինչեւ մեր էգոիզմից չազարտվենք, չենք կարող որեւէ մեկին իսկապես սիրել: Էգոիզմը խանգարում է, ու սերը դարձնում շահով պայմանավորված՝ «ես սիրում եմ քեզ, քանի դեռ դու չես հակառակվում իմ ցանկություններին»: Բայց երբ մարդը լրիվ ազատվում է իր էգոիզմից, նա սկսում է ամբողջապես ճաշակել աստվածային սիրո քաղցրությունը, որ գալիս սրբում ու լվանում է ամեն ինչ: Ապաքինում ամեն վերք ու մարդը դառնում է սրտով մաքուր: Բայց ինչպես պայքարել էգոիզմի դեմ ու հաղթել այն: Նախ՝ միանգամից ասեմ, որ ես ինքս էգոիզմը չեմ հաղթահարել: Ու իմ փորձառությունից չէ, որ պատմելու եմ այստեղ: Այ թե Քրիստոսի եկեղեցին ինչ է սովորեցնում մեզ այս մասին:

Բայց մինչ այդ պատկերացրեք մի բան: Դուք ունեք 3 երեխա ու ձեր ավագ որդին ձեզանից 100 դրամ է խնդրում պաղպաղակ գնելու համար: Դուք նրան տալիս եք 300 դրամ: Նա կարող է 3 հատ պաղպաղակ գնել ու երեքն էլ ուտել: Նա կարող է խնայել իր գումարի մի մասը, մտածելով, որ հայրը կարող է նրան վաղը դրամ չտալ, ու մեկ հատ պաղպաղակ այսօր գնել, մեկ հատ վաղը, մեկ հատ էլ մյուս օրը: Եվ այսպիսով նա երեք օր պաղպաղակ կունենա: Բայց նա կարող է նաեւ ուրիշ կերպ վարվել: Մի այնպիսի կերպ, որ եւ ճիշտ կլինի, եւ ձեզ շատ կուրախացնի: Պատկերացրեք, որ նա չմտածի իր մասին, հոգ չտանի վաղվա օրվա մասին ու երեք հատ պաղպաղակ գնի, մեկն իր, մյուսը քրոջ, մյուսն էլ եղբոր համար՝ մտածելով, որ իրենց հայրը սիրող ու հոգատար հայր է ու կտա այնքան, ինչքան որ պիտանի է ու օգտակար իրենց համար: Երբ ձեր երեխան 3-րդ տարբերակով վարվի, դա ինչքան կուրախացնի ձեզ: Այնպես չէ՞: Ծնողները որքան են ուրախանում, երբ իրենց երեխաները սիրով ու սեփական անձն ուրանալով են վարվում իրար հետ: Եթե ձեր երեխան այսպես վարվի, դուք կմտածեք, որ այս երեխան ձեր իսկական զավակն է, քանզի նա ընտանիքի մասին մտածում է ինչպես դուք, եւ հետո երբ նա վաղը ձեզանից նորից փող ուզի, դուք նրան ավելին կտաք, քանզի գիտեք, որ նա այն կծախսի այնպես, ինչպես դուք կանեիք ձեր ընտանիքի համար:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց, որ Աստծուն ու մարդկանց սիրելը ամենամեծ պատվիրաններն են: Եթե դուք սիրեք Աստծուն, ապա դուք կուզենաք ամեն ինչ անել ուրախացնելու մեր երկնավոր Հորը: Չէ՞ որ մենք բոլորս Նրա մեծ ընտանիքի անդամներն ենք, որին ասում ենք Հայր մեր: Այսպիսի գիտակցությունն օգնում է, որ մարդն ուզենա պայքարել իր էգոիզմի դեմ: Որպեսզի ուրախացնի իր Հորը, որպեսզի ուրախացնի իր ընտանիքի անդամներին, իր քույրերին ու եղբայրներին: Իսկ սա սեր է: Էգոիստ ու եսասեր մարդն իր մարմնի ու ցանկությունների հաճույքներն է փնտրում: Դրանց դեմ պայքարելը ու դրանցից հրաժարվելը նշանակում է ուրանալ սեփական անձը, հոժարությամբ կրել քո խաչը, դիմանալ ու համբերել, չանել այն, ինչ կարող ես անել, բայց ինչը չի կարելի, որովհետեւ այն վնասում է քեզ:

Հիմա եթե դուք պատրաստ չեք ուրանալ ձեր սեփական անձերն ու պայքարել ձեր չար կրքերի դեմ, ապա իզուր է հարցնել, թե ինչպես պայքարել էգոիզմի կամ այլ տեսակ կրքերի դեմ: Բայց եթե պատրաստ եք, ապա սա օրհնյալ ճանապարհ է: Ամեն ինչ սկսվում է սրա դեմ պայքարելու հստակ գիտակցությունից: Որ մարդն իրեն ասի, էգոիզմը ինձ վնաս է, խանգարում է իմ կյանքին, արգելում է, որ ես միանամ իմ Աստուծո հետ ու ես պիտի պայքարեմ սրա դեմ ամեն օր: Եվ ես գիտեմ, որ իմ Փրկիչ Քրիստոսն իմ օգնականն է ու միասին հաղթում ենք: Եվ այս պայքարի ճանապարհին մեզ օգնում են ամենօրյա աղոթքները, կանոնավոր ծոմապահությունն ու զղջումը: Եվ այս ամենը կոչվում է ապաշխարության կյանք: Ամեն քայլի հետ, այն մեզ ավելի է մոտեցնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեր հավիտենական լույսն է ու մեր իրական կյանքը:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan

«Առավոտ»

27.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031