ՀՀ ՊՆ նախաձեռնած Ռազմական լրագրության դասընթացի շրջանակում այսօր դասընթացի մասնակից-լրագրողների հետ հանդիպեց Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Լրագրողները բարձրաձայնեցին հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «Դիրքերում» հաղորդաշարում ժամանակ առ ժամանակ զինվորների թվի, տեղանքի եւ այլ տեղեկատվության արտահոսքի հարցը:
«Տեղեկատվության չափորոշիչներ կան, որոնք հրապարակման ենթակա չեն: «Դիրքերում» հաղորդաշարը վերափոխումների կարիք ունի»,-նկատեց Արտակ Զաքարյանը:
Նա հավելեց, որ առհասարակ՝ այս ոլորտում տեղեկատվության արտահոսքը վերահսկելու իրավական գործիքներ չկան, ուստի ՊՆ-ն ուսումնասիրում է տեղեկատվական դաշտում ռազմական ոլորտի լուսաբանման խնդիրները:
Լրագրողների դիտարկմանը, թե «Դիրքերում»-ի անձնակազմը ՊՆ թույլտվությամբ է գնում դիրքեր, փոխնախարարն այսպես արձագանքեց. «Հարցը բարոյահոգեբանական նշանակություն ունի՝ ոգեւորում, հոգեբանական վիճակի բարձրացում, զինվորների հերոսությունների ներկայացում: Բայց ոգեւորությունը երբեմն չափն անցնում է»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ