«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Վարդան Գրիգորյանն այսօր մրցանակաբաշխության ժամանակ պատմեց, որ իրեն սարսափեցնում են աշխարհում տեղի ունեցող ահավոր ողբերգությունները:
«ճառ էի գրել, բայց գրպանս դրեցի, որովհետեւ ուզում եմ խոսել սրտից: Նիցշեն ասում էր` եթե Աստված մեռավ, ամեն ինչ հնարավոր է, այսօր ամեն ինչ թույլատրվում է, մեզ ոչինչ չի սահմանափակում, ահավոր ողբերգություններ են տեղի ունենում, բռնաբարում են կանանց, մարդկանց հետապնդում են իրենց կրոնական պատկանելության համար, պատերազմներ… այս ամենն ինձ սարսափեցնում է, բայց ես շատ ուրախ եմ, որ Ռուբենն ու Նուբարն ինձ հետ միասին վառեցին հույսի կրակը, լույսը, որը հույս ունեմ կլուսավորի ողջ աշխարհը: Այս լույսը կգա փոքրիկ երկրից, որը կոչվում է Հայաստան: Մենք` անկախ սեռից ու կրոնական պատկանելությունից, բոլորս Աստծո արարածներն ենք»,- ասաց պարոն Գրիգորյանը:
«Ավրորայի» համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանն էլ պատմեց, որ երբ դարձավ հաջողակ բիզնեսմեն ու սկսեց խորհել իր երկրի անցյալի մասին, իրեն ցնցեց, թե ինչքան մարդ է վտանգել իր կյանքը ու ինչքան ազգեր են օգնել հայերին կենդանի մնալու համար. «Ես լսել եմ մի տղայի մասին պատմությունը, որը գնաց ու գնեց հայերի երեխաների: Ես հասկացա, որ պետք է անկեղծանանք մեր չիմացության մասին: Մենք պետք է իմանանք այն բոլոր մարդկանց ու ֆոնդերի մասին, որոնք օգնել են մեզ, եթե դուք սովորական հայերից հարցնեք, ոչ մեկ չի իմանա այդ հերոսների մասին, մենք նույնիսկ փողոցներ չունենք այդ հերոսների անուններով, որոնք օգնեցին մեզ կենդանի մնալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ