Այսօր Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը մեջբերեց Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը. «Մարդը անասունից տարբերվում է նրանով, որ հիշողություն ունի»:
Ավելի ուշ խոսափողին մոտեցավ ծագումով էստոնացի Բուրման Հովսեփյան Ֆելիքս Կարլին: «Ես էստոնացի իմ ազգի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին 1918 թվականի հերոսամարտի 99-ամյակի առիթով:Ես արդեն 40 տարի ապրում եմ այստեղ, Էստոնիայի եւ Հայաստանի քաղաքացի եմ: Արդեն երկու պատերազմի եմ մասնակցել հայերի հետ: Մենք բոլոր պատերազմներում հաղթել ենք: Քառօրյա պատերազմի ժամանակ էլ ես ապարանցի իմ ընկերների՝ գյուղապետ, ուսուցիչ, արվեստագետ, հետ էի՝ 33 օր եղել ենք Արցախում եւ դա ինձ համար պատիվ է: Տեսնելով այս ամենը եւ ճանաչելով հայերին՝ մի բան գիտեմ. այս ժողովրդին հաղթել չի լինի: Բոլորիդ առողջություն, հաջողություն եւ խաղաղություն եմ մաղթում: Իսկ եթե անասունը նորից վրա տա, միայն հայերը չէ, որ կկանգնեն: Մենք՝ ազգային փոքրամասնություններս, միասին ենք», – ասաց նա:
Հետո Aravot.am-ը էստոնացուց պարզեց, որ նրա կինը հայուհի է, ունի չորս զավակ եւ արդեն մեկ թոռ: «Նկարիչ-քանդակագործ եմ: Այս տարիներին մեծ արխիվ եմ հավաքել, ֆիլմ եմ նկարահանել: Հունիսի 7-ից մեկնում եմ Եվրոպա: Լինելու եմ Էստոնիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Բելգիայում, Դանիայում: Արխիվային նյութերս, ֆիլմս ցուցադրելու եմ ամբողջ Եվրոպային, որպեսզի Եվրոպան տեսնի եւ հասկանա հայ ազգի պայքարը»,- ասաց Բուրման Հովսեփյան Ֆելիքս Կարլին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ