Մայիսյան հերոսամարտերի շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած 4-օրյա ճակատամարտը։ «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար:
1918 թվականից սկսած մայիս 28-ը նշվում է որպես Հայաստանի առաջին հանրապետության օր: Ամեն տարի եւս այս օրը լոռեցիները հավաքվում են Ղարաքիլիսայի ճակատամարտում ընկած մարտիկներին նվիրված «Կոտրած եկեղեցի» կոչվող հուշակոթողի մոտ:
Հաղթանակի 99-ամյակի կապակցությամբ այսօր եւս կազմակերպվել էր տոնական միջոցառում: Ներկա էին ԱԺ փոխնախագահ Էդիկ Շարմազանովը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, զինվորականներ, ԵԿՄ անդամներ ու լոռեցիներ:
Գուգարաց թեմի առաջնորդը կատարեց հոգեհանգստի կարգ: Որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսամարտում ընկածների հիշատակը, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ