Մայիսի 18-ին Բելառուսի ազգային թանգարանում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի 2 ամիս: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց արվեստագետը, ցուցահանդեսը ծրագրվել էր դեռեւս երկու տարի առաջ: Պարոն Միրզոյանը հավելեց, որ Բելառուսի ազգային թանգարանի տնօրենը եւ նկարիչներն իր արվեստին ծանոթ էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի իր ցուցահանդեսներից:
ՀՀ եւ Բելառուսի մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Բելառուսի ազգային թանգարանի հետ համատեղ է բացվել նկարչի անհատական ցուցահանդեսը, այցելուների համար մուտքը մայիսի 20-ից է եղել:
«Ես չէի պատկերացնում, որ Բելառուսում այդքա~ն մշակութային ժողովուրդ կա, Բելառուսում Հայաստանի դեսպանատան աջակցությունը եւս կար ցուցահանդեսին: Ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարը, նախագահի որդին, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Կարծում եմ` այս ցուցահանդեսով բելառուս արվեստասերները մի նոր Հայաստան բացահայտեցին: Մարդիկ երկար տարիներ չէին տեսել Հայաստանի կերպարվեստը, եւ վերջին անգամ այդ թանգարանում եղել է Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսը»,-ասաց մեր զրուցակիցը
Բելառուսի ազգային թանգարանի տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովը իրենց թանգարանում Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը որակել է տեղի նկարիչների, արվեստաբանների, թանգարանային մասնագետների եւ այցելուների համար բաց պատուհան ` դեպի տիեզերք, որտեղից, նրա ձեւակերպմամբ վարպետի վառ աստղն իրեն է ձգում իր տաղանդի լույսով եւ խորհրդավորությամբ:
Ցուցահանդեսին լայնորեն անդրադարձել է բելառուսական մամուլը:
Փարավոն Միրզոյանի հետ զրույցի մանրամասները` տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի