ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:
Այս օրը մենք առանձնահատուկ կերպով ենք զգում անկախ ապրելու հպարտությունն ու գիտակցում դրա արժեքը: Երբ մոտ 100 տարի առաջ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, իրավիճակն իսկապես օրհասական էր, հերոսություն եւ անձնազոհություն, առավելագույն ջանք եւ անկեղծ նվիրում պահանջող: Եւ այդ ժամանակ առավել քան ցայտուն դրսեւորվեցին մեր ժողովրդի միասնությունը, խելամտությունը, նպատակասլացությունն ու հաղթելու ավանդույթը: Դժվար է պատկերացնել անկախության հռչակումն առանց Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ-հաղթանակների:
Շուրջ մեկ դար առաջ այս օրերին մեր ժողովուրդը հստակորեն գիտակցում էր, որ միայն ազատությունը կարող է պահպանել մեզ ու մեր երկիրը: Եւ մեր նախնիներն անձնվիրաբար պայքարեցին ձեռք բերելու այն ազատությունը, որը եկավ անկախության տեսքով, որին հասնելու համար մեկտեղեցինք սեփական ուժերի եւ արդարության հանդեպ հավատն ու վստահությունը, սեփական պատմությունն ու արժեքները պահպանելու ձգտումը, սեփական արժանապատվության բարձր գիտակցությունը:
Անկախ պետականության հռչակումը միասնության էր կոչում եւ՛ այն ժամանակ, եւ՛ այսօր: Այն չէր խոստանում նյութական բարեկեցություն, սակայն ի դեմս անկախության եւ ազատության, ընձեռում էր հնարավորություն` ստեղծելու այդ բարեկեցությունը եւ տեր լինելու սեփական ճակատագրին: 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական շահերի բախումների հետեւանքով Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Այսօր, նույն շահերի ավելի կատաղի բախումները մեզ պարտադրում են պետություն կառուցելու, ազատությունը պաշտպանելու՝ շուրջ հարյուրամյա, բայց միշտ արդիական դասերը հաշվի առնելով, ավելի արժեւորել ազատությունն ու անկախությունը, ավելի շրջահայաց եւ ավելի կշռադատված լինել պետականաշինության գործընթացում, ավելի համախմբված եւ հաստատուն ընթանալ հռչակված նպատակներին հասնելու ուղղությամբ, ավելի վստահորեն ու լավատեսորեն քայլել դեպի այն Հայաստանը, որն իբրեւ հասանելի նպատակ դրված էր դեռ Առաջին հանրապետությունը հռչակողների պատկերացումներում եւ ձեռնարկների հիմքում` դեպի ուժեղ, բարեկեցիկ ու հզոր Հայաստանը:
Նորովի արժեւորենք ինքնավստահության այն զգացումը եւ շարունակենք համերաշխության ու միասնության այն մթնոլորտը, որ կար Առաջին հանրապետությունը հռչակելիս, երբ ամենից կարեւորը հայրենիքն էր` Հայաստանի Հանրապետությունը, երբ միմյանց թիկունք կանգնած նախարարին, զինվորականին, աշխատավորին, շինականին միավորում էին անկեղծ ու անվերապահ սերը եւ հավատն իրենց վաղվա օրվա հանդեպ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն, առողջ, երջանիկ եւ բարեկեցիկ կյանք»:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն