Լրահոս
Օրվա լրահոսը

Լցոնած հավկիթներ

Մայիս 28,2017 12:30

Տոնական սեղանների համար շատ հարմար, նաեւ` շատ համեղ նախուտեստ` հավկիթով եւ ձողաձկան լյարդով (печень трески): Նկատենք, որ ձողաձկան լյարդը պահածոյացվում է` առանց ջերմամշակման ենթարկվելու եւ պահպանում է գրեթե բոլոր օգտակար տարրերը, որ կան այդ համեղ մթերքի մեջ: Ձողաձկան լյարդը վիտամին A-ի եւ D-ի շտեմարան է, բացի այդ պարունակում է օգտակար ճարպաթթուներ, հանքանյութեր: Այնպես որ` այս նախուտեստը, բացի շատ համեղ եւ հագեցնող լինելուց նաեւ օգտակար է:

Անհրաժեշտ մթերքները

Ձողաձկան լյարդ- 1 տուփ

Հավկիթ- 6-7 հատ

Կանաչ սոխ- մի քանի ճյուղ

Թարխուն- մի քանի ճյուղ

Մանանեխ- 1 թեյի գդալ

Մարինացված մանր վարունգ – 10-12 հատ

Կապար (каперсы) (պարտադիր չէ)- 1 թեյի գդալ

Սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Թարմ կծու պղպեղ- կես հատ

Զարդարելու համար` հազարաթերթի տերեւներ

Պատրաստման եղանակը

Հավկիթները լվանալ, դնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել եւ դնել եփելու մոտ 15-20 րոպե: Ապա դնել սառը ջրի մեջ: Մաքրել եւ բաժանել երկու մասի:

Ձողաձկան լյարդը լցնել աղցանամանի մեջ, վրան ավելացնել ձվերի դեղնուցները, մանր կտրատած կանաչ սոխն ու թարխունի տերևները, վարունգը, կապարը, թարմ պղպեղը: Լավ խառնել, ավելացնել սեւ պղպեղն ու մանանեխը:

Պատրաստի աղցանով լցոնել ձվի սպիտակուցները:

Մատուցարանի մեջ տեղավորել հազարաթերթիկի տերեւները, վրան շարել լցոնած հավկիթները: Կախված սեզոնից` կարող եք այլ բանջարեղեն էլ դնել կողքը: Օրինակ, ինչպես այս նկարում է` կիսախաշ ծնեբեկ, որին այլ պարագայում կարող է փոխարինել թարմ կամ մարինացված վարունգը, խաշած կարտոֆիլը կամ գազարը, նեխուրի (քարավուզ) ձողիկները եւ այլն: Ի դեպ, աղցանի մեջ կարող եք նաեւ նեխուրի տերեւներ կամ ձողիկներ ավելացնել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031