Համապետական շաբաթօրյակի շրջանակներում հանրապետության միջպետական ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ևս մաքրման ակտիվ աշխատանքներ են ծավալել միջպետական մայրուղիների և դրանց հարող տարածքներում։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր շրջայց կատարեց Երևանից մինչև Իջևան ձգվող միջպետական նշանակության ճանապարհներով։ Ճանապարհների ամբողջ երկայնքով աշխատանքային եռուզեռ էր։ Ճանշինականները, ավարտելով ճանապարհների մաքրումը, անցել էին ճանապարհամերձ հատվածները մաքրելու գործին։
«Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը նշեց, որ մաքրում են նաև ճանապարհների երկայնքով ձգվող անտառամերձ տարածքներն ու ճանապարհների միջանկյալ գազոնները, իսկ առաջիկա օրերին իրենց ուժերով կարգի կբերեն ու կձևավորեն նաև գազոնային հատվածներում աճած թփերը։ Հրազդան-Սևան հատվածում նախարարի ուշադրությունը գրավեց ճանապարհի երկայնքով ձգվող խորտկարանների տարածքների աղտոտված վիճակն ու ճանապարհներին տեղադրված ճաշացանկերի ցուցանակները։
Նա դրանց պատասխանատուներին հանձնարարեց մաքրել տարածքները, իսկ ցուցանակները հանել։
Մաքրման աշխատանքներ էին ընթանում նաև Դիլիջանի թունելի ներսում, Դիլիջանի ոլորաններում ու դեպի Իջևան ճանապարհներին։
Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարևորություն ունեն։ Դրանք ամենօրյա բնույթ են կրում և գտնվում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի անմիջական հսկողության ներքո։
Հիմնական ու կարևոր նպատակ է նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում ամրապնդել շրջապատը չաղտոտելու գիտակցությունը։ Այդ նպատակով նախարարության կողմից միջպետական ճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդ պարունակող վահանակներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն