Այսօր Շիրակի մարզի համայնքներում՝ 3 քաղաքներում ու նաև բոլոր գյուղերում տարբեր կառույցների աշխատակիցներ ու պաշտոնյաներ լծվել էին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործմանը։ Երեկվանից տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր Գյումրի է գալու ու այս ամենն անձամբ վերահսկելու է վարչապետը, սակայն շիրակցի պաշտոնյաների աչքը ջուր կտրեց՝ նրան սպասելով։
Շիրակի մարզպետարանի ողջ անձնակազմը շաբաթօրյակը սկսեց Գյումրու մուտքից ոչ հեռու՝ Ազատանի տարածքում գտնվող ու դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի հատվածում։ Այստեղ աննկարագրելի փնթիություն էր․շիրակցի պաշտոնյաները տոննաներով աղբ էին հավաքում։
Հակառակի պես այսօր մռայլ, թաց, ցուրտ ու անհարմար եղանակ էր։ Չնայած դրան՝ շիրակցիներրը տեղը տեղին մաքրություն էին անում, երբեմն էլ հետաքրքրում՝բա վարչապետը չի՞ գալու։ Կառավարության ղեկավարն այդպես էլ չեկավ Գյումրի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ