Այս ուստարում Քաշաթաղի շրջանից 83 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցին: Շրջկենտրոն Բերձորում գործում են 2 միջնակարգ դպրոց՝ Վահան Թեքեյանի անվ. թիվ 1-ը և Վահան Զատիկյանի անվ. թիվ 2-ը: Մայիսի 26-ին ներկա եղա 2 կրթօջախներում կայացած Վերջին զանգի արարողություններին: Թիվ 2 միջնակարգին հրաժեշտ տվեցին 8 շրջանավարտ՝ 5 աղջիկ և 3 տղա:
Վերջին դասը՝ դասղեկ Հեղինե Սահակյանի հետ, աշակերտներն անցկացրեցին դպրոցի հրապարակում՝ ծնողների. ուսուցիչների, հյուրերի ներկայությամբ: Ինչպես ընդունված է՝ իրենց ավագ ընկերներին ողջունեցին ու բարի երթ մաղթեցին առաջին դասարանցիները՝ տոնական վալսով ու բարեմաղթանքներով: Այնուհետև շրջանավարտները հանդես եկան երգով ու հումորեսկներով, ասմունքով ու պարով: Մեկ դասաժամ տևեց վերջին զանգի արարողությունը, որը շրջանավարտները կհիշեն երկար տարիներ: Հատկապես հուզիչ էր տղաների՝ հայրենիքի վաղվա զինվորների ելույթը՝ զինվորական համազգեստով: Երգելով «Պարոնայք սպաներ» երգը՝ նրանք հավաստիացրեցին, որ դպրոցն ավարտելուց հետո զինվորագրվելու են Հայոց բանակին, այնուհետև կիրականացնեն իրենց երազանքը:
Երգի պահին հայտարարվեց լռության րոպե, ներկաները հոտնկայս հարգեցին բոլոր մարտիրոսների հիշատակը, փառք տվեցին նրանց ու Հայոց բանակին, որ այսօր կարողանում ենք ուրախ հանդեսներ կազմակերպել: Շրջանավարտներին շնորհավորեցին ու բարի երթ մաղթեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, դպրոցի փոխտնօրեն Նունե Զոհրաբյանը, ուսուցիչներ, ծնողներ:
Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգը շրջանի առաջին կրթօջախն է: Այս ուստարում ունի մոտ 200 աշակերտ, որից ինը՝ 12-րդ դասարանում: Դպրոցի դահլիճում 12-րդցիների ծնողներն ու հարազատներն էին, ուսուցիչները, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքում գործող այլ կառույցների ղեկավարներ, քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը:
Առաջին դասարանցիներն իրենց ավագ ընկերներին հրավիրեցին բեմ, և սկզբում հանդես եկան միասին: Փոքրիկները, երգերով ու ասմունքով բարի ճանապարհ մաղթելով շրջանավարտներին, հավաստիացրեցին, որ ավելին են անելու, որ իրենց կրթօջախի մասին առավել դրական կխոսվի հետագայում: Այստեղ ևս աշակերտները բեմականացրեցին դրվագներ իրենց անցած դասաժամերից, հանդես եկան ուսուցիչների դերերում: Նկարագրելով յուրաքանչյուր ուսուցչի՝ նրան ծաղիկներ նվիրեցին ու իրենց սերն ու բարեմաղթանքը:
Վերջում եղավ հրաժեշտի պարը՝ վալսը, որին մասնակից եղան ուսուցիչներն ու ծնողները, պաշտոնատար անձինք: Դասղեկ, մաթեմատիկայի ուսուցչուհի Նունե Հակոբյանը, շնորհավորելով ու կանաչ ճանապարհ մաղթելով իր սաներին, կարևորեց այն, որ միշտ լավը լսի նրանց մասին և հպարտանա, որ իր աշակերտներն են եղել: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանն այստեղ ևս նշեց, որ մեր շրջանում սովորող գրեթե բոլոր աշակերտներն աչքի են ընկել իրենց լավ, մարդկային բնավորությամբ, և հավատում է՝ ներկա շրջանավարտները հետագայում ևս առիթ կտան, որ Բերձորի անունը լավ առիթներով հիշատակվի:
Իր սաներին բարին ու անխոչընդոտ ճանապարհ մաղթեց դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը: Հանդեսից հետո զրուցեցի շրջանավարտների հետ: Թիվ 2-ից Հարություն Մարտիրոսյանի համար կարևորը խաղաղությունն է, որ մեր ժողովուրդն օրն անցկացնի առանց տագնապի:
Հետագա անելիքը՝ լավ մարդ դառնա, լինի ազգին արժանի: Իր հասակակիցներին մաղթեց՝ իրականանան բոլորի երազանքները. հավատացած է՝ բոլորն էլ ունեն բարի նպատակներ և իղձեր: Թիվ 1-ից Գոռ Սարգսյանը կիթառ լավ է նվագում, դպրոցի շատ միջոցառումներում էր ընդգրկված: Վերջին զանգին էլ գեղեցիկ կատարումով հանդես եկավ: Երկու եղբայրն այս պահին հայրենիքի սահմանն են պահում: Հպարտ է նրանցով: Որոշել է ընդունվել Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Ավարտվեց ևս մեկ ուստարի, Քաշաթաղի շրջանում հնչեց 23-րդ դպրոցական Վերջին զանգը:
Դեպի մեծ կյանք մտան 80-ից ավելի երիտասարդներ, ովքեր դառնալու են այս հողի տերն ու մշակը և շենացնելու են տունը հայոց:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ