Անձամբ ես Աստծուց շնորհակալ եմ` հայ երիտասարդության համար ընդօրինակման արժանի այնպիսի կերպար ուղարկելու համար, որպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Նրա հանդեպ զանգվածային համակրանքը նաեւ լայն զանգվածների համար սիրելի սպորտաձեւով`ֆուտբոլով է պայմանավորված, բայց երբ իմանում ես նրա մասին ավելին ու ավելին, հասկանում ես, որ, իրոք, նրա կերպարն Աստծո պարգեւ է, որին նմանվելը ամոթալի չէ անգամ ամենալավ դաստիարակությունը ստացած երեխաների համար: Ֆուտբոլը` միջոց, որով մեր Հենոն ցույց է տալիս բոլոր այն հատկանիշները, որոնք պետք են բոլոր մասնագիտությունների համար` պրոֆեսիոնալիզմ, կամքի ուժ, աշխատասիրություն, զսպվածություն ու համեստություն, այս բոլորը ոչ մի պահ չմոռացված հայկականությամբ ներծծված:
Սակայն ֆուտբոլի համար բարձրակետ այս հատկանիշներով մեր ժամանակի այս հաջողված կերպարը չի ավարտվում: Մյուս` միջազգայնորեն հայտնի ֆուտբոլիստները էժան ժամանցների հետեւից են գնում`մեր Հենոն ավելացնում է լեզուների իմացության իր բագաժը` վեցերորդ լեզուն է սովորում, կարդում աշխարհի հայտնի գրողներին, լսում դասական երաժշտություն, այցելում պատկերասրահներ եւ այլն: Հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվում:
Նրա նման ուրիշները կան`գիտության մեջ, արվեստում, իրական արժեքներ, միգուցե մեր մեղքն է նրանց չգտնելն ու նրանց վերաբերյալ դրական պատմությունները հասարակությանը չհասցնելը, մարդկանց հոգիները չբուժելը:
Մի օրինակ էլ իմ կողմից. Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատում է երեւանցի մի աղջիկ` Սաթեն Պետրոսյանը: Նա մեծացել է փափուկ կյանքով, Երեւանում ունի այն ամենը, ինչ պետք է երեւանցի երիտասարդությանը`որպես մեկնարկային հնարավորություն: Բայց նա այդ բոլորը թողել է Երեւանում ու գնացել մշտապես ադրբեջանական կրակոցների տակ եղած գյուղի դպրոց`աշակերտներին տալու իր ներսի լույսը, քանի որ միայն լուսավոր մարդիկ կարող են այդ քայլին գնալ: Նրան աշակերտները շատ են սիրում, նա է իրենց համար բացահայտել է մաթեմատիկայի ու մարդկային հոգու գեղեցկությունը:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում