Հաճախ, թերեւս, գուցե առհասարակ, մենք չենք էլ գիտակցում, որ մեզ անընդհատ հետեւում է հավերժության դատարկ հայացքը, որի փայլի մեջ մենք ընդամենը տարտամ արտացոլանք ենք: Եվ չընկալելով, չհասկանալով էականը՝ մենք մեզ պահում ենք այն կանանց կամ տղամարդկանց նման, որոնք իրենց խեղճությունն ու թուլությունը թաքցնում են շքեղ զուգսի կամ կեցվածքի թիկունքում եւ հասարակության մեջ իրենց պահում են այնպես, ասես թե արդեն գիտեն անմահության գաղտնիքը:
Զատկի կղզու բնակիչները մինչեւ օրս էլ չեն մոռացել իրենց լուսավորիչ, գրեթե Աստված Մակե-Մակեի մասին, որը Մարիո Խիվա կղզիների թագավորն էր, եւ որը շատ էր կարոտում իր կորցրած Հայրենիքը ու քնելուց դեմքը շրջում էր հարավ-արեւմուտք, որտեղ մի ժամանակ իր ծննդավայր-Հայրենիքն էր:
Հիմա չեմ հիշում, թե որտեղից այցելեց ինձ այս պատմությունը, եւ անմիջապես էլ աչքիս առջեւ հայտնվեց իմ բանաստեղծ ընկեր Աղվան Վարդանյանը, ով վերջիններից մեկն էր, որ կորցրեց իր ծննդավայր Նախիջեւանը: Եվ չգիտեմ, թե այսօր իմ Աղվան ընկերը քնելուց դեմքով շրջվո՞ւմ է դեպի Նախիջեւան, թե՞ ոչ, բայց որ կարոտում է իր Հայրենիք-Նախիջեւանը՝ դա հաստատ է…
Կան կանայք, տղամարդիկ եւ ժողովուրդներ, որոնք պատրաստ են անընդհատ վաճառվելու, եթե գնորդ հայտնվի, իսկ գնորդներ միշտ հայտնվում են, եթե կա վաճառվողը, եւ երկուսի մեղքն էլ հավասար է, որովհետեւ իրենք փնտրում են մի իրավիճակ, որտեղ կարելի է կուշտ ուտել:
Այս պահին եւ ընդհանրապես, չուզենալով ընկնել ադրբեջանական քարզչության ճահճուտները, ինչին ես հետեւել եմ դեռեւս խորհրդային շրջանից, երբ հորինվում էին հակահայկական տեսություններ ակադեմիկոս Զիա Բունիաթովի առաջնորդությամբ, հստակ տեսնում եմ, որ սուտ խոսելու համար թերեւս լավ հիշողություն պիտի ունենալ, ինչը, ցավոք, քոչվորների ժառանգ մեր հարեւանները չունեն:
Անվերջ կարելի է վիճել ճակատագրի մասին՝ կա՞, թե՞ չկա, եւ եթե կա, ո?վ է սահմանում՝ Աստվա՞ծ, թե՞ մեր տեսակների արյունը ինքը, երբ որ արյունը ինքնին որպես ճակատագիր է հոսում քո երակներով, որպես արարման շնորհ կամ որպես նզովք՝ արարողին…
Իսկ հավերժության դատարկ հայացքը շարունակում է հետեւել մեզ, ուր մենք մի պահ արտացոլվում ենք ու անցնում, եւ դատարկ թվացող հավերժության հայացքը, սակայն, անջինջ պահպանում է այն, ինչը մեր ամենօրյա զոհողության ճանապարհով փոխանցեցինք արարողի մեր արյունը որդեգրողներին՝ անմահության կնիքը վրան:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
26.05.2017