Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողին որպես պատասխանող ներգրավելու հիմք չտեսան

Մայիս 27,2017 15:00

Լոս Անջելեսի www.usarmenianews.com
կայքի խմբագրի գործով

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ օրը շարունակվեց դատավոր Ն. Ավետիսյանի վարույթում գտնվող Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի հայցով նախնական դատական նիստը:

Ինչպես տեղեկացրել ենք, Գ. Մանուկյանի հայցը 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի եւ լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ է:

Վիճարկվող տեղեկությունների մեջ հայցվորը նշել էր 4news.am լրատվական կայքին, որը գրել էր, թե Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին: Ի դեպ, դատական քննության նախնական փուլում, Լիլիթ Հովակիմյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Տեղեկատվության կարգով հայտնեմ, որ լրատվական հետաքննության արդյունքում ճշտվել է այն հանգամանքը, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց չի տվել haqqin.az-ին, եւ մենք հերքում ենք տվել»: Եվ նաեւ այս դատական գործընթացը լուսաբանող գործընկերներին ակնարկել. «Կարծում եմ՝ լրատվական միջոցների միջամտությունը նշված քաղաքացիական գործի քննությանը ժամանակավրեպ է: Նպատակահարմար է սպասել մինչեւ դատարանի կողմից համապատասխան ակտ կկայացվի»:

Պատասխանող կողմը դատարան էր եկել երեք ներկայացուցիչներով՝ ճանաչված փաստաբան Մայիս Հովհաննիսյանի հետ, Գ. Մանուկյանի ներկայացուցիչն էր փաստաբան Հարություն Հարությունյանը: Վերջինս դատարանին ներկայացրեց մի ձայնասկավառակ, որը կտրամադրվի նաեւ պատասխանող կողմին: Դատավորի հարցին, թե ի՞նչ ձայնասկավառակ է, հայցվորի ներկայացուցիչն ասաց, թե դա երկու լրագրողների միջեւ խոսակցություն է:

Լիլիթ Հովակիմյանի ներկայացուցչին հետաքրքրեց ձայնասկավառակի թույլատրելիության խնդիրը, իսկ Մայիս Հովհաննիսյանն էլ ասաց, քանի որ «քննությունը լայնածավալ ընթացք է ստանալու», կցանկանար իմանալ, թե ինչ կերպ է փոխանցվել ձայնագրությունը:
Ըստ Գայանե Մանուկյանի ներկայացուցչի՝ ձայնագրությունն ուղարկվել է մեյլով:
Մ.Հովհաննիսյանը խնդրեց, որպեսզի կողմին ժամանակ տրվի, հստակեցվի հայցապահանջի ծավալը, պահանջը, իսկ ինչ վերաբերում էր լրագրող Արթուր Հայրապետյանին պատասխանող կողմ ճանաչելուն, պատասխանողի ներկայացուցիչները հիմք չտեսան:
Մինչդեռ, Հարություն Հարությունյանի տեղեկացմամբ, Արթուր Հայրապետյանը որոշ գրառումներում հանդես է գալիս իբրեւ newspress.am-ի լրագրող:

Բացի Արթուր Հայրապետյանից, խոսք գնաց նաեւ Արիանա Հովսեփյանին պատասխանող ներգրավելու մասին: Հաջորդ դատական նախնական նիստը նշանակվեց հունիսի 23-ին:
Ի դեպ, ըստ հայցադիմումի, ոստիկան Դավիթ Փերիխանյանն էլ անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել էր ծաղրանկար՝ ռուսերեն վիրավորական արտահայտությամբ:

Պատասխանող լրատվական կայքն այս տարվա հունվարի 21-ին հրապարակել է «Ադրբեջանական լրատվամիջոցների բարեկամ Գայանե Մանուկյանի դավաճանական քայլը» հրապարակումը, ուր, մասնավորապես, գրված էր. «Լրագրողական հետաքննության արդյունքում Գայանե Մանուկյանն օրեր առաջ հարցազրույց է տվել Հաքին.ազ կայքին: Թվում է, թե լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պետք է լինի այս հանգամանքը, սակայն լրատվամիջոցները չանդրադարձան այս փաստին, նույնիսկ քչերին հետաքրքրեց, թե ինչ բարեկամական կապ կա Գայանեի, ադրբեջանական լրատվամիջոցի եւ հատուկ ծառայությունների միջեւ: Այս կինը խառնակչություններ է մտցնում սկսած Հայաստանի Հանրապետության այն օրերից, երբ երկրում տիրում էր արտակարգ դրություն»: Խոսքը ՊՊԾ գնդում տիրող իրավիճակի մասին էր: «Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, ԱՄՆ-ում հաստատված, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանով է դա տրամագծորեն ճշմարտացի»:

Գայանե Մանուկյանը գտնում է, որ վիրավորվել է իր արժանապատվությունը, մասնագիտական պատիվը, եւ պահանջում է պատասխանողներից մեկ միլիոն դրամ՝ վիրավորանքի համար որպես փոխհատուցում, իսկ երկու միլիոն դրամ էլ՝ զրպարտության համար:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031