Արդեն 13-րդ անգամ Երեւանում կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Հունիսի 6-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը: Մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Ժյուրիի նախագահն էլ ճանաչված դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն է։
«Առավոտի» հետ զրույցում Արամ Խաչատրյան- մրցույթ մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն ասաց, որ 13-րդ մրցույթը յուրահատուկ է. «Այս տարի որոշում կայացրինք մրցույթն անցկացնել վոկալիստների համար: Ուրախ ենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը որպես բրենդ այնքա՜ն ճանաչված է աշխարհում, որ հենց առաջին տարին այդ մասնագիտությամբ մրցույթ անցկացնելիս ունեցանք 100-ից ավելի հայտ: Նախընտրական փուլն ավարտվել է, եւ ընտրվել է 43 մասնակից` 13 երկրից, ԱՄՆ-ից մինչեւ Հարավային Աֆրիկա, Հոլանդիայից մինչեւ Ղազախստան, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան եւ այլն: 43-ից 24-ն էլ Հայաստանից է: Շատ լայն աշխարհագրություն է, բայց մենք երբեք ախարհագրությանը մեծ նշանակություն չենք տալիս, կարեւորը որակն է: Կարծում եմ, որ այս տարի շատ ուժեղ մրցույթ է լինելու, քանի որ փայլուն մասնակիցներ են ընտրվել: Սովորաբար 40 հոգի է ընտրվում, բայց այս անգամ այնքան բարձր էր մակարդակը, որ մեծ թվով մասնակիցներ ստացան նույն միավորները, ուստի ճարահատյալ 43 հոգու ընտրեցինք: Մրցույթի գլխավոր նպատակն է հնչեցնել Կոմիտասի ստեղծագործությունները եւ հայ կոմպոզիտորների ռոմանսները, ու որոշում կայացրինք, որպեսզի 43 հոգի երգի Կոմիտաս»:
Տիկին Տեր-Հովակիմյանն ասաց, որ ընտրությունը կատարվել է վոկալիստների ուղարկած ձայնագրությունների հիման վրա եւ շատ բծախնդրորեն:
Հարցրինք` 43 մասնակիցների մեջ կա՞ն մարդիկ, որոնք այլ մրցույթներում արդեն հաջողություններ են գրանցել: «Բավականին լուրջ ճանապարհ անցած մասնակիցներ ունենք` եւ Մեծ Թատրոնի մեներգիչներ, եւ մասնակիցներ, որոնք ունեն ձեռքբերումներ այլ մրցույթներում: Քանի որ մեզ մոտ տարիքային սահմանափակումը մինչեւ 35 տարեկանն է, պարզ է, որ կլինեն նրանց ձայնագրությունները, ոգեւորված հաղորդագրություններ էին ուղարկում, ու ասում, թե ինչ ուժեղ մասնակից է: Օրինակ, մասնավորապես ինձ համար հետաքրքիր է, թե Հարավային Աֆրիկայի մասնակիցը ինչպես է Կոմիտաս կատարելու»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է բացման արարողությանը, կմասնակցի Խաչատրյանական մրցույթի պաշտոնական` Երիտասարդական նվագախումբը, որին կմիանան նաեւ ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Վասիլի Վալիտով) եւ Մեծ թատրոնի մեներգիչներ: Որպես դիրիժոր էլ հանդես կգան Սերգեյ Սմբատյանը, Վասիլի Վալիտովը եւ Կոնստանտին Օրբելյանը:
«Բացմանը կկատարվի Խաչատրյանի «Պոեմ Հայրենիքի մասին» ստեղծագործությունը, որն ի սկզբանե կոչվում էր «Պոեմ Ստալինի մասին»: Անվան պատճառով ստեղծագործությունը մոռացության էր մատնված, եւ այժմ այն կներկայացնենք: Ընդհանրապես փորձում ենք առավել շատ խաչատրյանական ստեղծագործություններ հնչեցնել, մասնավորապես այն գործերը, որոնք քիչ են կատարվում»,-հավելեց մեր զրուցակիցը:
Աննա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ այս տարի եւս կժամանեն հայտնի երաժշտական քննադատներ, հեղինակավոր գործակալությունների ներկայացուցիչներ, հյուրեր օպերային թատրոններից, միջազգային փառատոներից: Նրա հավաստմամբ, նրանց թվում են պատվավոր հյուրերը`«Մետրոպոլիտեն» օպերայից, «Հյուսթոն գրանդ օպերայից»: Տեղեկացանք, որ ի թիվս այլոց, Հայաստան է ժամանելու բրիտանական Opera Magazine ամսագրի թղթակիցը, լրագրողներ Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ներից:
«2013-ից Խաչատրյանական մրցույթը հանդիսանում է համաշխարհային ֆեդերացիայի անդամ, ինչը հնարավորություն է տալիս հայտնի ամսագրերի եւ Medici.tv- ի հետ աշխատել այլ հարթակներում եւ ձեւաչափով»,- շեշտեց Արամ Խաչատրյան- մրցույթ մշակութային հիմնադրամի տնօրենը:
Ինչ վերաբերում է մրցույթի հաղթողներին, առաջին մրցանակակիրը կստանա 10000, երկրորդ մրցանակակիրը` 5000, երրորդը $3000-ին համարժեք դրամ: Կլինեն նաեւ հատուկ մրցանակներ տարբեր ստեղծագործությունների լավագույն կատարման համար: «Այս տարի մեզ հյուրընկալելու է Էլժբետա Պենդերեցկայան, որի Բեթհովենի Զատկի փառատոնը մտնում է լավագույն փառատոների 5-յակի մեջ: Նա եւս ամեն տարի շնորհում է մրցանակ, բացի դրամական պարգեւից, նաեւ համերգների հնարավորություն` իր փառատոնի շրջանակներում»,-հայտնեց Աննա Տեր-Հովակիմյանը:
Հետաքրքրվեցինք` մրցույթը համագործակցո՞ւմ է զբոսաշրջային գործակալությունների հետ: «Մրցույթի բացման եւ փակման արարողությունների ժամանակ շատ են լինում զբոսաշրջիկներ: Բայց չեմ կարող ասել, թե մրցույթը մտել է զբոսաշրջային կատալոգների ու փաթեթների մեջ…Ընդհանրապես երկրի ներսում խնդիրներ կան: Այդքան փառատոներ են անցկացվում մեր երկրում, ակտիվ մշակութային կյանք ունենք, սակայն ամբողջ գործընթացը չի մտնում զբոսաշրջային փաթեթների ու կատալոգների մեջ, մինչդեռ կարծում եմ, որ Հայաստանում հենց մշակութային տուրիզմը պետք է զարգացնել»,-նման համոզմունք հայտնեց Աննա Տեր- Հովակիմյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Աննա Տեր-Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ»
26.05.2017