Օրերս Aravot.am-ը «Հայոց բանակի երեք ապագա զինվորներ մեծացնող ընտանիքը սովամահ է լինում» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էր Գյումրու Արցախ թաղամասի հին, խարխուլ ու խոնավ տներից մեկում՝ Աթարբեկյան 33 փողոց, 106 հասցեում բանկվող Սաղաթելյանների ընտանիքի սոցիալական պայմաններին։ Ներկայացրել էինք, որ 3 անչափահաս տղաներ ունեցող միայնակ մորը՝ Քրիստինե Սաղաթելյանին, Գյումրիում ոչ մեկն աշխատանքի չի ընդունում՝ պատճառաբանելով, թե բարետես չես։ Ընտանիքն ապրում է 35 հազար դրամ նպաստով՝ չկարողանալով անգամ փակել խանութներից «նիսյայով» վերցրած հացի փողը․ կոմունալ ծախսեր տալու, տունը տաքացնելու մասին խոսք լինել անգամ չի կարող։
Aravot.am-ի հրապարակմանն առաջինն արձագանքել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։ Ինչպես տեղեկացանք Քրիստինե Սաղաթելյանից, մեր հրապարակումից ժամեր անց իրեն հրավիրել են մարզպետարան, ֆինանսական աջակցությունից բացի, մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանի միջոցով համապատասխան աշխատանք առաջարկել։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը ևս արձագանքել է․այնտեղ գրանցել են Քրիստինե Սաղաթելյանի տվյալները՝ հետագայում սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Րաֆֆիկ Խաչատրյանը ևս խոստացել է հնարավորինս զեղչել Սաղաթելյանների ավագ որդու վարձավճարը։
Նշենք նաև, որ Քրիստինե Սաղաթելյանը, չնայած սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններին, շնորհալի որդիներ է մեծացնում, նրանցից մեկը ձյուդոիստ է, առանց մեդալների ու պատվոգրերի տուն չի վերադառնում, իսկ մյուսը՝ նկարիչ է` սովորում է նկարչական դպրոցում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ