«Հին ԿԳԲ-ական մեթոդներ են, երբ մարդուն ուղղակի տանում էին դեռ ոչ մի մեղք չգործած, դեմը դնում էին կամ զենք կամ նարկոտիկ, ասում էին՝ ընտրի, դու ես դատվելու: Մարդը գիտեր, որ մեկ է պետք է դատվի, ինքը ընտրում էր: Հիմա գիտեին, որ տղաները ինքնուրույն ոչ մի բան ընտրող չեն, նարկոտիկը չի կարող տղաներին կպնել, զենքը՝ կա ու կա: Էնքան հեշտ է զենք գտնել ու ցույց տալ, էդ էլ մոդա է դարձել: Ասում եք զինված խմբավորումները այս երկրի համար շա՞տ չեն, իսկ այս փոքր երկրի համար այսքան միլիարդատեր, թվարկեմ՝ Ծառուկյան Գագիկ, Սամվել Ալեքսանյան … այս խեղճ ու կրակ երկրում այսքան միլիարդատերերը շա՞տ չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե Հայաստանի համար շա՞տ չեն զինված խմբավորումները՝ «Սասնա Ծռեր», Նորք-Մարաշում կալանավորած խումբը և Ժիրայր Սեֆիլյանի խումբը:
«Այս իշխանությունների պաշարն այնքան բազմազան է իրենց մեթոդներով, որ բան չեմ կարող ասել: Այս իշխանությունները ամեն ինչ պետք է անեն, որ տղաների գործողությունը կապեն Ժիրայրի հետ: Բոլորն են վտանգ ներկայացնում, ովքեր կարող են ռեժիմի հետ ուղիղ դու-ով խոսել, բոլորն անխտիր, մանավանդ այն մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում, և գնալով մեծանում է նրանց հեղինակությունը: Նրանց անպայման պետք է մեկուսացնեն: Ի՞նչ է, Վոլոդյա Ավետիսյանը վտանգավո՞ր էր այս իշխանությունների համար, կարծես թե չէ, բայց երբ խորանում ես, տեսնում ես, որ վտանգավոր է, որովհետև իր շուրջ համախմբում էր հարյուրավոր մարդկանց, այն էլ ոչ տնային տնտեսուհիների կամ տանը նստած պապիկների, դրա համար էլ շատ արագ շինծու գործով Վոլոդյային տարան»,- հավելեց ազատամարտիկը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ