Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը ասեկոսներին տեղիք չի տալիս

Մայիս 26,2017 21:26

«Ես շատ կուզենայի, որ նման սցենարն իրականություն դառնար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն`անդրադառնալով մայիսի 18-ին, խորհրդարանում, նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթի տնտեսական մասին:

Նախագահը, հիշեցնենք, մասնավորաբար, խոսել էր մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը ներգաղթի հաշվին չորս միլիոնի հասցնելու եւ Հայաստանից արտահանումը`ՀՆԱ-ի 50-55 տոկոս դարձնելու հեռանկարի մասին:

Կան որոշակի տնտեսական ցուցանիշներ, որոնց կենսագործման պարագայում, ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի, հնարավոր է նախագահի ներկայացրած տեսլականն իրականություն դառնա`նշյալ ժամանակահատվածում: «Դա անիրատեսական բան չէ, հասկանում եք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ չորս միլիոն բնակչություն Հայաստանն ունեցել է խորհրդային տարիներին, նաեւ`բավականաչափ զարգացած արդյունաբերություն է ունեցել:

«Սովետական կոմպլեքսի մեջ ՀՀ-ն բավականաչափ առաջընթաց ունեցող հանրապետություններից էր համարվում: Պարզապես, շուկայական հարաբերությունների անցման փուլում մենք կորցրեցինք: Բայց, պոտենցիալ հնարավորությունները ունենք: Այդ առումով, եթե մենք ուղղորդված, համակարգված եւ կամքի դրսեւորմամբ քայլեր անենք, բնականաբար, նորից կվերականգնենք այն ամենն, ինչ եղել է մեզանում»,- վստահ է Վարդան Բոստանջյանը:

Երեկ հայտնի դարձավ նոր կառավարության կազմը: Այն նույնն է: Միայն ԱԺ փոխնախագահ դարձած Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում  կփոխարինի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Կառավարության այս կազմը Ձեզ հույս ներշնչո՞ւմ է, որ ուղղորդված աշխատանք կտարվի`նախագահի ներկայացրած տեսլականին հասնելու համար, հետաքրքրվեցինք Վարդան Բոստանջյանից:

«2018-ի ապրիլին Հայաստանում կառավարման հարաբերությունները նոր որակումներ պետք է ստանան եւ բնական էր, որ Սահմանադրության պահանջը կատարելիս`նոր կառավարություն ամրագրելիս, պետք է ամրագրվեր անցյալ տարվա սեպտեմբերին ձեւավորված կառավարությունը: Այդ կառավարությունը պետք է հնարավորություն ունենա գոնե մինչեւ 2018 թվականի ապրիլ շարունակել իր գործունեությունը: Առավել եւս, ոչ թե միայն ինձ մոտ, այլ հասարակության շրջանում, կարծես հետաքրքիր են ներկայանում այն նախաձեռնությունները, որոնք իրականացվում են կառավարության կողմից: Եթե մտածենք, որ մինչեւ տարեվերջ ներդրումային քաղաքականությունը խթանվի, կառավարությունը կարողանա արդյունաբերության որոշակի հասցեական ուղղություններ զարգացնել, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, օգտագործենք մեր մարդկային կապիտալը`մտածում եմ, որ մենք այդպիսով կստեղծենք լավ նախադրյալներ` խորհրդարանում բարձրաձայնված ուղերձում բերված նվաճումն ունենալու»:

Վարչապետի առաջարկած ներդրողների ակումբի նկատմամբ մոտեցումը, սակայն,  միանշանակ չէ Հայաստանում: Կամ էլ`կան ուժեր, որոնք «աշխատում» են այդ գաղափարի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ: Մանավանդ, նկատի ունեննալով ակումբի անդամներից մեկի`ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հետ տեղի ունեցածը: Հիշեցնենք, ռուսական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ վերջինիս ձերբակալել են «գողերի թագադրման ժամանակ»: Ըստ տարբեր հրապարակումների, գործարարի անունը կապվում է տարբեր քրեական հեղինակությունների հետ: Ինքը`Ռուբեն Թաթուլյանը, «անհեթեթություն» էր որակել այդ լուրերը`հայտարարելով, որ դրանք տպագրվել են գումարի դիմաց: Գործարարի փաստաբանը նաեւ համապատասխան փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք վկայում էին, որ վերջինս նշյալ ժամանակահատվածում ձերբակալված չի եղել:

«Ես հակված չեմ ասեկոսների, բամբասանքատիպի խոսքերին ընթացք տալ, դրանց վերաբերյալ մտածել: Ամեն դեպքում, եթե լավագույն զարգացումները չլինեն, կարճ ժամանակահատվածում կյանքը դա ցույց կտա»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ չի ցանկանում վատատեսական տրամադրություններ արտահայտել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031