Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վառոդի հոտով դուխի կարա՞ք բերեք՝ չեք կարա». Ֆիդայինների հետաքրքիր հավաքը՝ «Ֆիդայիններ» նոր ՀԿ-ում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 26,2017 21:08

Այսօր «Զորավար Անդրանիկի» թանգարանում «Ֆիդայիններ» հասարակական կազմակերպության առաջին համագումարն էր:

Կազմակերպության նախագահն է «Տավուշի արծիվ» անունով հայտնի Սեյրան Չիլինգարյանը: Նա ասաց, որ համագումարի օրը պատահական չեն ընտրել՝ 110 տարի առաջ այս օրը սպանել են Գեւորգ Չաուշին. «Միանգամից ասեմ՝ իրավունք չունենք խանգարելու թե՛ պետության գործունեությանը, թե՛ բանակին, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ կենթարկվենք երկրի գերագույն հրամանատարին: «Ֆիդայիններ» կազմակերպությունըն հնարավորինս զերծ կլինի պալատական վայելքներից, մեզ համար միշտ առաջնային կլինի այցելել ֆիդայական ժողովրդական հերոս Զորավար Անդրանիկի տուն-թանգարան: Ֆիդայիններ անվամբ մտնելով հասարակական դաշտ, պետք է բարձր պահենք երբեմնի այլ ազգերին ահուսարսափի մեջ պահող ֆիդայինի անունն ու արժանապատվությունը: Չլինենք երկերեսանի, մեր մեջ ընդունենք բոլորին՝ անկախ դիրքից, սեռից, տարիքից, նույնիսկ տարաբնույթ կուսակցություններում մոլորվածներին: Չենք գերադասի որեւէ կուսակցություն»:

Համագումարին հավաքվել էին ֆիդայինների խոսքերով ասած՝ «վառոդի հոտը» առած մարդիկ՝ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, Վազգեն Սիսլյանը, անվանի գործիչներ, ազատամարտիկներ, որոնք անդամագրվեցին կազմակերպությանը: Կազմակերպության անդամ է նաեւ մեր գործընկեր Լուսինե Ղազարյանը:

Նրանք շնորհավորում էին իրենց մարտական ընկերոջը՝ նման կազմակերպություն բացելու առթիվ, պատմում հետաքրքիր դրվագներ՝ մարտի դաշտից, երգում ռազմական երգեր: Ազատագրում գրքի հեղինակ Մարտին Բաղդասարյանն ասաց, որ «Ադանա» ջոկատի ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը իր ողջ կարողությունը ներդրել է բանակում ու հիմա ոչինչ չունի:

Շնորհակալագրեր հանձնվեցին Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադեւոսյանին, Մարտին Թադեւոսյանին, Վիկտոր Հակոբյանին՝ Վարդենիսի Վիկտորին, որը «Հայդուկ» ազատամարտիկների ջոկատի շտաբի պետն է եւ այլն:

Արցախի հերոս Կոմանդոսը նաեւ պարգեւատրվեց «Երդվյալ հայդուկ» շքանշանով: Արկադի Տեր-Թադեւոսյանն իր խոսքում հիշատակեց ազգ-բանակ կոնցեպտի մասին. «Մենք հիմա այդ ծրագրով ենք աշխատում: Այս կազմակերպությունը՝ ՀԿ կլինի, թե այլ բան, ուժեղացնում է մեր ազգ-բանակի գաղափարը: Մենք՝ հայերս, բոլորս պարտք ենք, պետք է մենք մեր հայրենիքը պաշտպանենք: Մեկս շատ է անում, մեկս՝ մի քիչ ավելի լավ է անում, մենք պետք է միավորվենք, ունենանք մի կառույց, որը պետք է մեզ տանի այն տեղը, որտեղ հայերն արժանի են այս երկրում ապրելու: Մենք պետք է մեր Արեւմտյան, Արեւելյան Հայաստանները միացնենք: Ապրես, Սեյրան, որ մի նոր հիմք ես դնում՝ ազգ-բանակի»:

Գուսան Հայկազունն էլ վառոդի հոտի հետ կապված մի դրվագ հիշեց. «Հոլանդիայում, Բելգիայում համերգ տալուց հետո իմ խումբը Փարիզում էր, մեծ, պայծառ համերգ էր՝ ոգի տվող, որից հետո մեզ տարան ճաշկերույթի, առավոտյան պետք է ճանապարհեին, մի 10 հոգի էին, բոլոր կանանց կանացի դուխի տվեցին՝ օծանելիք, տղամարդկանց՝ տղամարդու: Ես հրաժարվեցի, ասեցի՝ իմ սիրած դուխու հոտը չկա ստեղ: Ասեցին՝ ի՞նչ ես ուզում, Փարիզում տենց հոտ չկա, որ չճարենք, ասեցի՝ իզուր գլուխ մի գովացեք, չեք ճարի: Ասին՝ արա՛, դու մենակ ասա ինչ հոտ ես սիրում՝ բերենք: Ասի՝ վառոդի հոտով դուխի կարա՞ք բերեք՝ չեք կարա»:

Գուսան Հայկազունը համագումարը փակեց «Լավագույն տղերքը մենք ենք» երգով՝ ցույց տալով մեր ազգի պարծանքներին, կռված տղերքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031