Երեկ`մայիսի 25-ին ժամը 18.00-ին լրացավ կանոնակարգով սահմանված ժամկետը, եւ արդեն պետք է հայտնի լինեն այն մարդկանց անունները, որոնք կփոխարինեն «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին: Հիշեցնենք, դաշինքում «մանդատակռվի» շրջանակներում տեղի ունեցած բազում վայրիվերումներից հետո, նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի երկրորդ օրը, երեք պատգամավորներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք էին`Հարություն Կարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Մինչ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտն այս պատգամավորները չէին դիմել ԱԺ նախագահին`դիմումները ետ վերցնելու համար: Ըստ շրջանառվող լուրերի, նրանց պետք է փոխարինեն Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`դաշինքում քննարկումներ եղե՞լ են, արդեն հստա՞կ են դաշինքի նոր պատգամավորների անունները: «Մենք գիտենք, որ խորհրդարան պետք է գան Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը եւ Հակոբ Նազարյանը»,- ասաց Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ առաջիկայում`ամսի 30-ին, տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ նիստում, հավանաբար կհայտարարվեն նրանց անունները:
Հետաքրքրվեցինք`հնարավո՞ր է խմբակցությունում էլի ինքնաբացարկի դիմումներ հրապարակվեն: Խոսակցություններ կան, որ դաշինքի եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլի մարդկանց է խոստացել խորհրդարան բերել, իսկ դրա համար մանդատ ստացած որոշ մարդիկ եվս պետք է ինքնաբացարկ հայտնեն: «Չգիտեմ: Նման բաների մեջ մտածված ձեւով ընդհանրապես չեմ խորանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ