Վանաձոր քաղաքի մի շարք խաչմերուկներում տեղադրված են լուսացույցներ: Սակայն դրանք բավականին հին են՝ Խորհրդային միության արտադրության: Լուսացույցները հին լինելու պատճառով հաճախ են խափանվում, խնդիրներ առաջացնելով ոչ միայն վարորդների, այլեւ հետիոտների համար:
-Կան խաչմերուկներ, որ մեկ էլ տեսնում ես՝ լուսացույցերը չեն աշխատում: Օրինակ, 24 դպրոցի մոտի լուսացույցը գրեթե միշտ չի աշխատում: Վտանգավոր է, վթարների պատճառ էլ կարող է դառնալ: Ես որպես վարորդ, անհանգստանում եմ ոչ միայն իմ, այլեւ փողոցն անցնող մարդկանց համար, մի քիչ անուշադիր լինես, վերջ,- ասում է վանաձորցի վարորդ Կարենը:
Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Վանաձորի Տիգրան Մեծ եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են ժամանակակից հետհաշվարկային լուսացույցներ:
Նոր լուսացույցները հաճելի զարմանք են առաջացրել վանաձորցիների շրջանում: Նրանց կարծիքով, այս լուսացույցների անհրաժեշտություն քաղաքն իսկապես ուներ:
«Ես միշտ ուզում էի, որ Երեւանի օրինակով մեզ մոտ էլ էս տեսակ լուսացույցներ տեղադրեին: Հիմա շատ հարմար է, վայրկյաններին նայում ես, տեսնում ես մի վայրկյան է մնացել, հաստատ չես անցնի: Բայց նախկինում, հա, գույնը փոխվում էր, բայց դե ավելի անհարմար էր»,- ասում է Լիանան, միաժամանակ հավելելով, որ մի քանի խաչմերուկներում եւս այսօրինակ լուսացույցների առկայությունն իրոք անհրաժեշտություն է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ