Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գործարարը Մոսկվայի մարզի իր տան փողոցն անվանակոչել է տվել ծննդավայր Լանջիկ գյուղի անունով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 26,2017 17:17

Այսօր օծվեց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղի խաչքարը, որն իր ֆինանսական միջոցներով տեղադրել է Մոսկվայում 19 տարի շարունակ գործարարությամբ զբաղվող գյուղի բնակիչներից մեկը՝ Համլետ Հովհաննիսյանը։ Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա ամենևին բարեգործություն չի համարում, որպես քրիստոնյա ՝ իր պարտքն է կատարել։

«Ես շատ բան ունեմ անելու իմ գյուղի համար, թող այս խաչը պահապան լինի հայ ժողովրդին, հայ զինվորին», -ասաց գործարարը։ Թե ինչով է նա զբաղվում Մոսկվայում, չուզեց մանրամասնել, սակայն նշեց, որ ՌԴ-ում գտնվում է միայն ինքը, ընտանիքը՝ ծնողները, կինն ու երեք որդիները բնակվում են Լանջիկում։ Ուզում է, որ տղաները դաստիարակվեն ու մնան Հայաստանում։

Գործարարն ասաց, որ չի կարողանում կտրվել հայրենիքից, ծննդավայր Լանջիկից, մարմնով Մոսկվայում է, հոգով՝ գյուղում։ «Իմ ցանկությունը իմ հնարավորությունից շատ է։ Շատ եմ սիրում իմ գյուղը, իմ հայրենիքը, նույնիսկ Ռուսաստանում ես ամեն օր արթնանում եմ իմ գյուղի մտքով, դրա համար, որտեղ որ ես բնակվում եմ՝ փողոցն անվանել եմ մեր գյուղի անունով՝ Լանջիկ»։

Համլետ Հովհաննիսյանն իր ասածը հիմնավորեց փաստով՝ ցույց տալով Լանջիկ փողոցը քարտեզի վրա ու իր առանձնատունը՝ հասցեն Լանջիկի փողոց, 11, Ա1 (Տես լուսանկարներում)։ Պարզվեց՝ խոսքը Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի գյուղերից մեկի մասին է։

Aravot.am-ի դիտարկմանը, թե ինչպե՞ս եք համոզել տեղի իշխանություններին գյուղի փողոցն անվանակոչելու «Լանջիկ» անունով, գործարարն ասաց. «Չեմ համոզել, ինձ որպես մարդ հարգել են, ես ոնց կարո՞ղ եմ համոզել, համոզել չկա, ուղղակի խնդրեցի, ինձ օգնեցին, համաձայնեցին մարդիկ, Մոսկվան է համաձայնել»։

Այդ գյուղում ընդամենը 4 հայ ընտանիք է բնակվում, սակայն մյուս բնակիչները՝ 200-ից ավելի ընտանիքներ մեծ սիրով համաձայնել են փողոցն անվանակոչել «Լանջիկ», քանի որ, ըստ գործարարի, մարդիկ իրեն սիրում ու հարգում են։ «Այնտեղ էլ կան մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն, ես էլ իրենց եմ օգնում», -ասաց Համլետ Հովհաննիսյանը։

Մեր հարցին՝ չե՞ք ուզում աշխատատեղեր ստեղծել հայրենիքում, գործարարն ասաց, որ Հայաստանից 40 հոգու իր հետ տարել է Մոսկվա աշխատելու։ Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում համեմատաբար հեշտ է բիզնես զարգացնելը, խոչընդոտներն ավելի քիչ են, թեև շատ պիտի աշխատես։

Գործարարն ասաց, որ Մոսկվա իր կամքով չի գնացել, իրեն տարել է ճակատագիրը, «փող աշխատելու, ընտանիք պահելու, նամուսով ու շնորհքով ապրելու ձգտումը»։ «Չգնացի՝ միայն մտածելով մեր մասին, գիտեմ, որ կա գյուղ, որտեղ ծնվել ու մեծացել եմ», ասում է Համլետ Հովհաննիսյանը։

Մեր հարցին՝ ի՞նչ մասնագիտություն ունեք, ասաց. «Ես տասնամյա կրթություն ունեմ, բարձրագույն կրթություն չունեմ, իմ դաստիարակությունն է բարձրագույն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031