Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ երեկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Ն.Պ. 354 բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեց Ն.Պ. 354 բանաձևը՝ «օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու» կոչով:
Ն.Պ. 354 բանաձևի ընդունման կապակցությամբ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասել է. «Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի զինված անդամները դաժանորեն ծեծել, խեղդել և ոտքերով հարվածել են ցուցարարներին առանց դրդապատճառի հարձակման ժամանակ, որի նպատակն էր լռեցնել Ամերիկայի այս քաղաքացիների ազատ խոսքի ու հավաքների իրավունքը: Ժամանակին ընդունված այս բանաձևը հստակ ազդանշան է ուղարկում Թուրքիայի կառավարությանը, որ թույլ չենք տա որևէ օտարերկրյա կառավարության ճնշել մեր քաղաքացիների իրավունքները»:
Ն.Պ. 354 բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Բանաձևում շարունակվում է. «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:
Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևի մասին այլ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:
Խաղաղ ցուցարարների դեմ Էրդողանի ավազակների հարձակման տեսարանից ապշած՝ Ներկայացուցիչների պալատի ամենաբարձրաստիճան անդամ Էնգելը հայտարարել է. «Ես ի դեպ հրավիրված էի Թուրքիայի դեսպանատան այդ հանդիպմանը: Չգնացի, և ուրախ եմ, որ չգնացի, քանի որ ուղղակի սարսափեցի, երբ լսեցի, թե ինչ է տեղի ունեցել… Այս բանաձևը կոչ է անում, որ պատասխանատունները քրեական պատասխանատվության ենթարկվեն: Սա շատ ավելի մեծ խնդիր է: Վերջին տարիներին Թուրքիայի կողմից մտահոգիչ համակարգային վարքագծի ականատես ենք եղել, բայց եթե թուրք պաշտոնյաներ գալիս են մեր երկիր ու փորձում ճնշել ամերիկյան ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը, պետք է պատասխան գործողություններ լինեն»:
Բանաձևի վերջնական մշակման նիստի ժամանակ կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեթինենը (հանրապետական, Ֆլորիդա) հայտարարել է, որ կոնգրեսական Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) հետ երկկուսակցական նամակ է հղելու Արդարադատության նախարարություն և Պետդեպարտամենտ՝ խնդրելով «Թուրքիայի կառավարությանն անհապաղ պատասխանատվության ենթարկել այս ամոթալի հարձակումների համար»: Կոնգրեսական Ռոս-Լեթինենը ավելացրել է. «Այս պահվածքն անթույլատրելի է: Նամակում խնդրում ենք ներգրավված անձանց անմիջապես պատասխանատվության ենթարկել՝ մասնակից թուրք անձնակազմի ԱՄՆ-ից վտարելով, և երկրից դուրս գտնվողների հետագա մուտք արգելելով»:
Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեյնա Ռորաբաքերը (հանրապետական, Կալիֆորնիա) մեկնաբանություն է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի պահվածքի հետ կապված, երբ վերջինս նայում էր, թե ինչպես իր անվտանգության ծառայախումբը դաժանորեն ծեծում էր ամերիկացիներին և «արյունլվա անում այս մարդկանց, ովքեր բոլոր իրավունքներն ունեին այնտեղ գտնվելու և բողոքի ցույց անելու իբրև ԱՄՆ քաղաքացիներ»: Նա շարունակեց. «Հույս ունեմ, որ նա կհասկանա այս օրենսդրությամբ հղված ուղերձը: Նրա այցը ցանկալի չի լինի Միացյալ Նահանգներում, եթե նա կարծում է, թե կարող է հարձակվել ամերիկացիների դեմ, ովքեր իրենց կարծիքն են արտահայտում և դեմ են նրա քաղաքականությանը»:
Ենթահանձնաժողովի նախագահ Ռորաբաքերը նաև նշել է, որ նախագահ Էրդողանը Թուրքիան դարձնում է §իսլամիստական ահաբեկչական բռնապետության վատագույն օրինակ, որ աշխարհում գոյություն ունի … Սա այն մարդը չէ, ում պետք է քծնենք: Նա իրավիճակն ավելի սրեց, երբ մի քանի օր առաջ զանգահարեց ԱՄՆ դեսպանին, և լկտի վիրավորանք հասցնելով ԱՄՆ ժողովրդին, առաջարկեց, որ մենք պետք է ինչ-որ կերպ ներողություն խնդրենք ԱՄՆ քաղաքացիների դեմ իր թիկնապահների դաժան հարձակման համար: Եթե նա այս կերպ է մտածում, մեր երկրի դռները փակ են նրա առջև¦: Ենթահանձնաժողովի նախագահ Ռորաբաքերը նաև ծրագրել է այս հարցի շուրջ լսումներ՝ §Բռնություն Թուրքիայի դեսպանի կեցավայրից դուրս: Խաղաղ բողոքի ցույցի իրավունք¦:
«Թուրքիան վայրընթաց շղթայում է հայտնվել Էրդողանի սնափառ բռնապետության օրոք: Էրդողանը ջանք չի խնայել, որպեսզի խաթարի Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտները և ոտնահարում է քաղաքացիական ազատությունները Թուրքիայում: Այժմ Էրդողանը կարծում է, թե կարող է հիմնարար իրավունքների հետապնդման իր քաղաքականությունը բերել Միացյալ Նահանգներ, Վաշինգտոն, որն աշխարհում ժողովրդավարության բնօրրանն է», – ասել է կոնգրեսական Թեդ Փոն (հանրապետական, Տեխաս): «Նման արատավոր վարքագիծն անընդունելի է ամենուր աշխարհում, բայց հատկապես այստեղ՝ Ամերիկայում, Վաշինգտոնում: Այդ իսկ պատճառով վճռականորեն սատարում եմ այս բանաձևը, որը դատապարտում է բռնության այս դեպքը և կոչ անում մեր կառավարությանը բարձրացնել այդ հարցը Թուրքիայի հետ: Խոսքի ազատությունը հույժ կարևոր է Ամերիկայի հիմունքների համար, և ակնհայտ է, որ Էրդողանը չի հարգում այս ամենահիմնարար իրավունքը»:
Կոնգրեսական Թեդ Փոն եզրակացրել է. «Օտարերկրյա բռնապետի կողմից այս հարձակումը մեր սահմանադրական հիմնարար խոսքի իրավունքի դեմ առավել մտահոգիչ է: Այնպես որ, երբ Էրդողանը Թուրքիայում շարունակում է բռնապետության իր ուղին՝ բռնությամբ ճնշելով ընդդիմությունն ամբողջապես, այս բանաձևը հղում է … հույս ունեմ … մի ուղերձ, որ թույլ չենք տա որևէ օտարերկրյա բռնակալի խախտել մեր սրբազան իրավունքներն ամերիկյան հողի վրա: Արդարադատությունը պահանջում է, որ ինչ-որ բան արվի, և որ նա պատասխանատվության ենթարկվի և Թուրքիան պատասխանատվության ենթարկվի, քանզի մենք այս երկրում արդարադատությամբ ենք գործում»:
Կոնգրեսական Գրեգորի Միքսը (դեմոկրատ, Նյու Յորք) ավելացրել է, որ §անկախ նրանից դուք համաձայն եք, թե համաձայն չեք, պետք է ունենաք ազատությունը, հատկապես այստեղ՝ Միացյալ Նահանգներում … Այն, ինչ տեղի ունեցավ սարսափելի էր, և մենք բոլորս պետք է բարձրաձայնենք դրա դեմ¦:
Ի թիվս այլ կոնգրեսականների հայտարարությունների, կոնգրեսական Քրիս Սմիթը (դեմոկրատ, Նյու Ջերսի) հայտարարել է, որ թուրք թիկնապահների բռնությունը §հատկապես աղաղակող¦ էր, իսկ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) նշել է, որ այդ գործողությունները եղել են §բացարձակապես սարսափելի և չեն հանդուրժվի¦:
§Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ նախագահ Էդ Ռոյսի և ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի գլխավորությամբ, հարցի արագ քննարկման և այս երկկուսակցական բանաձևի ընդունման համար՝ ի պատասխան Թուրքիայի հարձակման՝ ընդդեմ մեր ամենանվիրական և հիմնարար արժեքների: Կոչ ենք անում Սենատին ևս հետևել այս օրինակին¦, – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի հայկական համագումար