Վարչական դատարանում քննվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցը՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, արդյունքների մասին ԿԸՀ որոշումը չեղյալ համարելու:
Կուսակցության ներկայացուցիչն է դատարանում Արմեն Գաբրիելյանը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչներն են Արմեն Սմբատյանը, Նունե Հովհաննիսյանը: Նիստին ներկա էր նաեւ երրորդ կողմը՝ ՀՀԿ ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը:
Զարուհի Փոստանջյանը հարցրեց՝ որպես ի՞նչ է ՀՀԿ ներկայացուցիչը ներկայացել: Արմեն Գաբրիելյանն էլ դժգոհեց, որ նոր են իմանում, որ դատական նիստին պետք է մասնակցի ՀՀԿ ներկայացուցիչը: Դատարանը 1-2 րոպե ժամանակ տրամադրեց «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, որ ծանոթանան, թե ինչպես է պատճառաբանվում նրանց ներկայությունը: Նիստին հրավիրված է եղել նաեւ «Ելքը», դատավորն ասաց, որ ծանուցել են Արտակ Զեյնալյանին, բայց նրանցից ներկայացուցիչ դատական նիստին չէր մասնակցում:
«Երկիր Ծիրանին» երկու միջնորդություն ներկայացրեց՝ դատաձգաբանական փորձաքննություն անելու մասին եւ վկաներ ներգրավելու մասին, դատավորն ասաց, որ դրանք կքննարկեն ավելի ուշ՝ ապացույցների ներկայացման փուլում:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հորդորեց «Ելքին» եւս մեկ անգամ ծանուցել եւ այդ հիմքով միջնորդություն ներկայացրեց նիստն ընդհատել:
Դատավորն ասաց, որ երրորդ անձի իրավունքն է ներկայանալ կամ չներկայանալ: Դատարանը պարտավոր չէ եւս մեկ անգամ ծանուցել: Դատավորն ասաց, որ ով շահագրգռված էր բավականաչափ՝ եկել է նիստին, ով չի եկել՝ դա իր իրավունքն է:
Ինչպես արդեն հայտնել ենք, երբ Փոստանջյանը սկսեց բացման խոսքով հանդես գալ՝ հայցապահանջը ներկայացնել, դատավորը, լսելով Սերժ Սարգսյանի անունը եւ այն, որ դատարանները Բաղրամյան 26-ի պահանջն են կատարում, թույլ չտվեց, որ նա շարունակի: Դատարանում ստեղծվեց թեժ իրավիճակ, սանկցիաներ եւ այլն:
Դատական նիստը շարունակվեց եւ Զարուհի Փոստանջյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նիստն ընդմիջվեց 30 րոպե:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ