Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ եւ հրմշտոց դատարանում՝ Փոստանջյանի հայցի քննության ժամանակ. Իրավիճակը թեժ է (Տեսանյութ)

Մայիս 26,2017 16:22

Այսօր Վարչական դատարանում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վիճարկում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը:

Դատական նիստը սկսեց բավականին թեժ: Նախ, դատավորը շատ ցածր էր խոսում, ինչի հետ կապված դահլիճից դժգոհություններ հնչեցին, որ չենք լսում: Ով դժգոհեց՝ դատավորը նկատողություն հայտարարեց՝ զգուշացնելով սանկցիա կիրառել:

Երբ Զարուհի Փոստանջյանն էլ հորդորեց դատավորին բարձր խոսել՝ նա ասաց, որ խոսում է այնքան բարձր, որքան թույլ են տալիս իր ֆիզիոլոգիական հնարավորությունները: Երբ Զարուհի Փոստանջյանը սկսեց հայցադիմումը ներկայացնելու բացման խոսքը, իրավիճակն ավելի թեժացավ:

Նա ասաց, որ քաղաքական ինստիտուտները լինում են ներառող եւ կամ կեղեքող, քամող: 25 տարում ՀՀ-ում գործել են քամող, կեղեքող ինստիտուտներ: Նրա խոսքերով՝ ընտրական համակարգը չի կարողանում կայանալ, որովհետեւ վերեւից իջեցված հրահանգներ են կատարում դատարանները, կատարում են Բաղրամյան 26-ի պատվերը: Սա լսելուն պես՝ դատավորը փորձեց ընդհատել Փոստանջյանի խոսքը:

Նա բորբոքվեց. «Դուք իրավունք չունեք ինձ ընդհատել, դուք Բաղրամյան 26-ի պատվերը մի կատարեք եւ լսեք իմ հայցադիմումի պահանջները»: Դատավորն ասաց, որ անհարգալից վերաբերմունք է Փոստանջյանը դրսեւորում դատարանի նկատմամբ: Նա հակադարձեց՝ դուք եք անհարգալից վերաբերմունք դրսեւորում դատական համակարգի նկատմամբ:

Տեղից «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուներից մեկը՝ Ստելլա Աղաջանյանը սկսեց դիտողություն անել, որ «մարդու բացման խոսքը թողեք ասի, ի՞նչ եք ընդհատում, ձեր բռնավորը չենք, ի՛»:

Մոտ 4-5 դատական կարգադրիչ չկարողացան Աղաջանյանին հեռացնել դատական նիստերի դահլիճից, որ նիստը շարունակվի: Նա պնդեց. «Չեմ հեռանում, բերեք ձերբակալեք, չեմ գնալու: 5 անգամ ասում ենք՝ բարձր խոսա, չի խոսում, ի՛: Սկի Բուրկինա Ֆասոյում չեն արգելում, որ մարդը իր բացման խոսքն ասի, խոսքի ազատություն ա, էդ գրիչդ, որ կտկտացնում ես սեղանին, էդ գրիչդ էլ ես մեր հարկերի հաշվին առել»:

Հրավիրեցին կին կարգադրիչների, որ «Երկիր Ծիրանիի» անդամի լեզուն հասկանան, նրան համոզեն, դուրս գա: Վերջինս մնաց անդրդվելի, ինչ արեցին՝ դուրս չեկավ:

Փոխարենը՝ դուրս եկան դատավորները:

Դատարանը հայտարարեց ընդմիջում՝ ժամկետ չնշելով ու դուրս եկան: «Երկիր Ծիրանիի» անդամները սկսեցին ոտքերով դմփդմփացնել գետնին, աղմուկ բարձրացնելու եւ «ու ու ո՜ւ» գոռալով. «Է՞դ ա ձեր արդարադատությունը՝ 20 հազար Շենգավիթում, 10 հազար Զեյթունում, իբր արդարադատություն են իրականացնում»:

Կուսակցության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Գաբրիելյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին զգուշացրեց, որ դատարանը սանկցիա կկիրառի՝ Ստելլա Աղաջանյանը պատասխանեց. «Ինչ ուզում ա անի, թող վիրավորվի գնա: Մեր հարկերի հաշվին են սրանք փող ստանում: Իրա ասելով չի, ես չեմ գնալու, ես իրա բռնավորը չեմ: Պարզ չի՞, որ ինքը պատվեր ա կատարում, չի թողնում մարդը բացման խոսքն ասի, մարդ մի նախադասություն ասի»:

Կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանն էլ դատական կարգադրիչներին ասաց, որ դատավորը երեւի ամաչում է իր ասելիքից, դրա համար կամաց է խոսում:

Կուսակցության անդամները վրդովվել էին նաեւ, որ դատական նիստին հրավիրել են ՀՀԿ-ի ներկայացուցչի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031